Մատչելիության հղումներ

Թուրքիայի նոր Քրեական օրենսգիրքը չի բացառում պատիժը ցեղասպանության պնդումների համար


Այսօրվանից Թուրքիայում ուժի մեջ է մտել նոր Քրեական օրենսգիրքը, որով չի բացառվում այն անձանց հետապնդումը, ովքեր 1915 թվականին 0սմանյան կայսրությունում կատարվածը հրապարակավ կորակեն հայոց ցեղասպանություն:

0րենսգրքի հոդվածներից մեկը երկարատեւ ազատազրկում է նախատեսում «լրատվամիջոցների միջոցով Թուրքիայի ազգային շահերի դեմ քարոզչություն ծավալելու համար»: Ժամանակին օրենսգրքի նախագծում բացատրություն կար, որ ազգային շահերին կարող են հակասել, օրինակ, Կիպրոսից թուրքական զորքերի դուրսբերումը պահանջելը կամ 1915 թվականին 0սմանյան կայսրությունում կատարվածը ցեղասպանություն անվանելը:

Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հայոց ցեղասպանության պնդումների մասին նոր օրենսգիրքը որեւէ կետ չի պարունակում, սակայն «օրենքի մեկնաբանությունը առաջիկայում, ըստ երեւույթին, որոշ սահմանափակումների կարող է հանգեցնել հայկական հարցի հրապարակավ արծարծման եւ հասարակական քննարկման մթնոլորտում»:

Գոչունյանի կարծիքով, քանի դեռ դատական նախադեպեր չկան, դժվար է ասել, թե ինչպես է մեկնաբանվելու օրենքը:

0րերս պլաստիկ քարտերով զբաղվող «Մաստերքարտ» ընկերությունը Ստամբուլի մասին պատմող անվճար գրքույկ-ուղեցույցներ էր տարածել, որոնցում նշված էր, որ 1890-ականների վերջերին Ստամբուլում հազարավոր հայեր են սպանվել: Այժմ դատախազությունը ուսումնասիրում է «Մասթերքարտ»-ի հրատարակած գրքույկը, իսկ Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերը «Հյուրիեթ» թերթին ասել է. - «Մենք սրանով կզբաղվենք, եւ դատախազները կպարզեն՝ արդյոք սա հանցանք չէ: Ոչ ոք մեր երկիրը նսեմացնելու իրավունք չունի»:

Թուրք իրավապաշտպան Սանար 3ուրդաթափանը, մինչդեռ, այսօր «Ռոյթեր» գործակալությանը հայտնել է, որ առաջարկելու է 100 հայտնի թուրքերի մի հռչակագիր ստորագրել եւ մարտահրավեր նետել իշխանություններին՝ պահանջելով դուրս բերել զորքերը Կիպրոսից եւ ճանաչել հայոց ցեղասպանությունը: Նոր օրենսգրքի համաձայն, նման գործողությունները տեսականորեն կարող են հանգեցնել հռչակագիրը ստորագրածների ազատազրկման:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG