Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ»-ի մեկնաբանը ինքիշխան պետության համար վիրավորական է համարում Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հայտարությունը, որը Երեւանում պատասխանելով Վրաստանից դուրս բերվող ռուսական ռազմակայանների տեխնիկայի մի մասը Հայաստան տեղափոխելու հարցին, ասել է. - «Դա բարդ հարց է եւ անշուշտ այն հարցերից է, որը նախ եւ առաջ պետք է քննարկվի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ»: «Տեսե՛ք, թե ինչ է ստացվում», - արձագանքում է «Ազգ»-ը. - «Ռուսաստանը ծանր տեխնիկան, ավելի ճիշտ՝ խորհրդային ժամանակների ժանգոտած եւ հնամաշ զենքը Վրաստանից պատրաստվում է տեղափոխել Հայաստան եւ դա համարում է նախ եւ առաջ խնդիր Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ: Մինչդեռ պաշտոնական Երեւանը լռում է: Այս դեպքում լռությունը ոչ միայն համաձայնության նշան է, այլեւ կարելի է մեկնաբանել հետեւյալ կերպ. Ռուսաստանը Հայաստանի տարածքը ռազմական նպատակներով օգտագործում է` ելնելով իր ցանկություններից, կամայականորեն»: «Ակնհայտորեն Մոսկվան չարաշահում է հայ-ռուսական ռազմավարական համագործակցություն կոչվող իրականությունը՝ իր համար արտոնյալ պայմաններով», - ամփոփված է «Ազգ» թերթում:

ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը «Առավոտ»-ի հարցազրույցում խիստ քննադատում է կոալիցիային եւ վերջինիս սահմանադրական փոփոխությունների նախագիծը: «Նրանք երկիրն են հարվածի տակ դնում. եվրոպական կառույցներում չեն տվել «Հանրապետականի», Օրինաց երկրի կամ Դաշնակցության անունը, տվել են Հայաստանի Հանրապետության անունը, հայկական իշխանությունների անունն են տվել, որի մի մասը ես եմ։ «Պադստավկա» են անում բոլորիս, այդքան է իրենց խելքը, այդքան է իրենց հեռատեսությունը եւ պատասխանատվությունը երկրի հանդեպ, արդեն ես հասկանում եմ, որ այսուհետեւ սրանց բոլոր քայլերին պետք է հետեւել: Ամեն ինչին պետք է ուշադրություն դարձնել, իրենք ամեն ինչում կարող են հարվածի տակ դնել երկիրը»:

«Հայկական Ժամանակ»-ի հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը ընդդիմության ներկա վիճակը գնահատում է ոչ թե որպես պարապուրդ, այլ «ակտիվ նախապատրաստությունների եւ ապագա գործողությունների ծրագրման շրջան»՝ միաժամանակ նշելով. - «Եթե նախապատրաստական փուլը շատ ձգվի, դա կվերածվի զավեշտի»: Անդրադառնալով ընդդիմության նախորդ երկու տարիների գործունեությանը, Սուրեն Սուրենյանցը ընդգծում է. - «Պետք է նկատի ունենանք, որ այն ժամանակ ընդդիմության հիմնական մասը գործում էր ռուսական դաշտում եւ, ըստ էության, արժեքային այլընտրանք չառաջարկելով իշխանությանը` հույս ունեին, որ բարի Կրեմլը կլուծի իրենց իշխանության գալու հարցերը: Այսօր տեղի է ունեցել արժեքային վերակողմնորոշում... Եթե այդ արժեքային կողմնորոշման փոփոխությունը ուղեկցվի կոնկրետ գործողություններով, եթե մենք մեր արժեքային կողմնորոշմանը հասարակական համաձայնություն հաղորդենք, ապա փոփոխությունը կլինի անխուսափելի»:

«Հայոց աշխարհ» թերթը, ազդարարելով քաղաքական գարնան ավարտը, գրում է. - «Ներքաղաքական ներկա իրավիճակի հիմնական պատճառը գործուն ընդդիմության կատարյալ բացակայությունն է երկրի քաղաքական կյանքի գրեթե բոլոր ասպարեզներում»: Մեկնաբանի գնահատմամբ, 2005-ի քաղաքական գարունը ցույց տվեց, որ անցած տարիների ընթացքում Հայաստանում ձեւավորված քաղաքական դաշտը փաստորեն չի կատարում իշխանությունների հետ մրցակցության միջոցով երկրի հետագա զարգացման ընթացքը հունավորելու իր բնական գործառույթը: «Այս պայմաններում արդեն առաջիկա ամիսներին անխուսափելի է վերջինիս հետագա կոտորակումն ու փոշիացումը եւ քաղաքական ասպարեզում առկա նրա շատ թե քիչ կենսունակ միավորների վերադասավորումը», - գրում է «Հայոց աշխարհ»-ը:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, «Առավոտ»-ը կապակցում է. - «Այդ ֆրանսիացինե՛րը կարող են մերժել Եվրամիության Սահմանադրությունը, որը պաշտպանում էր իրենց նախագահը: Իսկ Հայաստանում միանշանակ «սղղացնելու են» պաշտոնական նախագիծը: Մեր երկրում հանրաքվեի ճակատագիրը որոշում է ամենեւին էլ ոչ ժողովուրդը: Հետեւաբար նրա նախընտրությանը թողնել ներկայացված նախագծի ճակատագրի որոշումը, պարզապես անիմաստ է: Եվ եվրոպացի փորձագետները, որոնք քաջածանոթ են հայաստանյան ընտրությունների եւ հանրաքվեների ազգային առանձնահատկություններին, ջանում են, որ իշխանությունները գոնե համաձայնեն հանրաքվեի ներկայացնել քիչ թե շատ ժողովրդավարական նախագիծ»: Մյուս կողմից, «Առավոտ»-ը չի բացառում այսպիսի մի շարունակություն. - «Եթե եվրոպացիներին հաջողվի իշխող կոալիցիային հակել դրան, ապա իշխանություններն էլ կարող են, օգտագործելով իրենց լծակները, տապալել հանրաքվեն: Իսկ հետո կասեն. «Մենք հարգում ենք ժողովրդի ընտրությունը»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը ակնարկում է, թե ինչ-որ անձինք փորձում են «ԿԳԲ-ական» մեթոդներով հասնել իր հրաժարականին, քանի որ նրանց դուր չի եկել իր տարեկան զեկույցը: «Ինչ-որ մարդիկ իմ գործունեությունից այլ սպասելիքներ ունեին, բայց ես չեմ արդարացրել նրանց սպասելիքները, ինչի արդյունքում իմ դեմ հետապնդումներ են սկսվել», - ասել է Ալավերդյանը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG