Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները կոչ են անում «ոչ» ասել սահմանադրական փոփոխությունների նախագծին


Հայաստանի Ազգային ժողովի «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» ընդդիմադիր խմբակցությունները երեքշաբթի օրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են անում հանրաքվեի դրվելու դեպքում «ոչ» ասել սահմանադրական փոփոխությունների նախագծին:

«Առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը մերժում է երկրի ժողովրդավարացման համար անհրաժեշտ փոփոխությունները եւ միտում ունի պահպանելու երկրի անձնիշխանական համակարգը», - ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել է ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ Ստեփան Դեմիրճյանը եւ Արտաշես Գեղամյանը: - «Իրական ժողովրդավարական սահմանադրական բարեփոխումներն այլընտրանք չունեն եւ իրականացվելու են օրինական իշխանության հաստատումից հետո»:

«Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանը, հարցին, թե համատեղ ընդդիմության, ինչպես նաեւ Վենետիկի հանձնաժողովի բոլոր ժողովրդավարական սկզբունքային դիտողությունները՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ամբողջովին ընդունվելու դեպքում ընդդիմությունը կպնդի՞ «ոչ» ասելու կոչը, պատասխանեց. - «Խնդիրը նրանում չի կայանում, որ մեզ համար Սահմանադրությունը ընդամենը առիթ է իշխանություններին հեռացնելու համար: Իշխանություններին հեռացնելու համար բազմաթիվ պատճառներ կան, եւ առիթ էլ միշտ կարող է ստեղծվել»:

Երեկ քաղաքական կոալիցիայի եւ նախագահ Քոչարյանի հանդիպման ժամանակ անդրադարձ եղել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների «խորը հիասթափությանն» առաջին ընթերցմամբ ընդունված նախագծից:

Հանդիպման մասնակիցներից Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը Վենետիկի հանձնաժողովի գնահատականի առնչությամբ այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Նման էպիտետները՝ խորը հիասթափություն եւ այլն, ցույց են տալիս, որ այլ պատվեր է կատարվում [Վենետիկի] հանձնաժողովի կողմից»:

Լեւոն Մկրտչյանի անձնական համոզումն է, որ Եվրախորհրդում Ադրբեջանի հարցի քննարկումից առաջ «Հայաստանը կրկին հավասարեցման քաղաքականության զոհ է դառնում»:

Դաշնակցության խմբակցության ղեկավարը, այդուհանդերձ, ասաց, որ օրերս Երեւան ժամանող Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ «իսկապես աշխատանքային հանդիպում» են ունենալու:

«Եվ ես վստահ եմ, որ առնվազն 80-90 տոկոսը դիտողությունների մեր կողմից ընդունելի եւ ընկալելի են», - ավելացրեց նա:

Ընդունելի դիտողությունների շարքում չէ, ամենայն հավանականությամբ, Երեւանի քաղաքապետի պաշտոնի ընտրովի լինելը: «Տարբերակ ունենք, որ իրենց կառաջարկենք. Երեւան քաղաքի վերաբերյալ ընդհանրապես Սահմանադրությունում խոսք չլինի: Մենք Սահմանադրությունում նշենք, որ այդ հարցը կարգավորվում է օրենսդրությամբ եւ նախագահի լիազորություններից հանենք քաղաքապետին նշանակելու դրույթը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG