Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանի ղեկավարության հետ քննարկում է երկկողմ կապերը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը երեքշաբթի օրը հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Ռոբրետ Քոչարյանի, երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկվելով հայ-ռուսական համագործակցության ներկա փուլին, մասնավորապես, տնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը հանդիպման ընթացքում նշել է, որ «հայ-ռուսական փոխհարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում, եւ հատկապես վերջին շրջանում Հայաստանում նկատվում է ռուսական ներդրումների աշխուժացում»:

Դմիտրի Մեսվեդեւը այսօր հանդիպում է ունեցել նաեւ Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի տարածած հաղորդագրության համաձայն, մատնանշվել են երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ուղղված կոնկրետ քայլեր պահանջող հիմնական ուղղությունները. - «Մասնավորապես անդրադարձ եղավ մաքսակետերի ստեղծման անհրաժեշտությանը՝ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող լաստանավային փոխադրումների գործարկման հարցում»:

Կովկաս լաստանավային համալիրի գործարկման հետ կապված խնդիրների մասին խոսվել է նաեւ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ընթացքում:

Մեդվեդեւը եւ Թումանյանը անդրադարձել են նաեւ «Գույք պարտքի դիմաց» ծրագրում ընդգրկված հայաստանյան ձեռնարկությունների լիարժեք շահագործման ուղիներ գտնելու անհրաժեշտությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային տնտեսական ծրագրերին, այդ թվում` Իրան-Հայաստան գազամուղին վերաբերող հարցերի:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG