Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այս տարվա մայիսի 28-ը կրկնակի տոնական էր. Հանրապետության օրը օղակվեց Միասնության շուրջպարով ու ցանկությունն առայժմ երազի տեսքով ի ցույց է դնում, թե մի օր էլ մեր պարը Արարատի փեշերին ենք պարելու», - սեպագրված է «Հայաստանի Հանրապետություն» թերթում: Թղթակցի հարցին, թե ո՞ր լեռը կարող էր միավորել, լինել Հայաստանի եւ Ղարաբաղի ընդհանուր շուրջպարը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը պատասխանել է. - «Երեւի Մասիսը»:

«Հայկական ժամանակ»-ի տպավորությամբ, մայիսի 28-ի երեւանյան լուսաբացը տարբերվում էր մայրաքաղաքի մնացած լուսաբացներից. - «Այդ օրը քաղաքում իսպառ բացակայում էր երեք բան՝ ոստիկան, «Գազել» եւ ապարանցի»: «Դժվար է ասել, թե ինչի՞ շուրջ էր Միասնության այդ շուրջպարը, բայց որ պարելու եկած տասնյակ հազարավոր մարդիկ ակնհայտորեն ոգեւորված ու խանդավառված էին, փաստ է: Մեր բոլոր զրուցակիցները փաստում էին, որ 1988-ից այս կողմ նման միասնություն իրենք չէին տեսել եւ պարզվեց, որ գոնե մի ինչ-որ հարցում՝ թեկուզ պարելու, հայերը դեռ ունակ են լինել միասնական», - արձանագրում է «Հայկական ժամանակ»-ը՝ պատկերավորելով. - «Ուղիղ ժամը 15.00-ին Արագածի ողջ փեշերով տեղադրված բարձրախոսներով հնչեց երաժշտությունը, ու բոլորը՝ թե՛ 2004-ի ապրիլի 12-ին մեկ այլ տեղում ժողովրդի պարը դուբինկաներով ջարդած իշխանությունը, թե՛ գյուղացու պարարտանյութն ու սերմացուն գողացած մարզպետն ու գյուղապետը, թե՛ Երեւանը մաս-մաս վաճառած քաղաքապետարանի ղեկավարությունը, թե՛ անպաշտպան քաղաքացու գլխին ամեն օր գործ սարքող իրավապահ մարմինների ներկայացուցիչները ժողովրդի հետ պարում էին ուս-ուսի տված ու 15 րոպե թշնամի չէին: Բայց՝ ընդամենը 15 րոպե»:

«Իրավունք»-ի դիտարկմամբ, ամենեւին էլ պատահական չէ, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը չմասնակցեցին մայիսի 28-ի շուրջպարին. - «Դա ցուցադրական դեմարշ էր՝ ուղղված նախագահական պալատի ուղղությամբ», - եզրակացնում է մեկնաբանը: Ի մի բերելով ներքաղաքական զարգացումները, կոալիցիայի ներքին հակասությունները, արտաքին գործոնները՝ վերլուծաբանը նշում է, թե դեպի հեղափոխություն տանող գործընթացները շարունակվում են՝ մատնանշելով նաեւ հեղափոխության էվոլյուցիոն ճանապարհը, որի համար «չեն պահանջվի զանգվածային անհնազանդության գործողություններ». - «Եթե գնացքի մեկնելու ժամկետը սահմանված է չվացուցակով, ապա ավելորդ վազվզոցի կարիք չկա, եւ դա, երեւի թե, հաշվի են առնում ընդդիմադիր գործիչները՝ առանձնապես կտրուկ հեղափոխական շարժումներ չանելով ու կարծես սպասելով, թե իշխանափոխության հասունացած պտուղը երբ է ընկնելու իրենց ձեռքը»:

«Հայաստանում իսկական կաշառակերներն այնքան շատ են եւ նրանց այնքան հազվադեպ են ձերբակալում, որ օմբուդսմենի գրասենյակի աշխատակցի ձերբակալության դեպքում կասկածներ են ծագում՝ արդյո՞ք այդ իրավապաշտպանի ներկայացրած կազմակերպությունը ինչ-որ մեկի պոչը չի տրորել, եւ այդ ինչ-որ մեկը որոշել է նման ձեւով պատվազրկել օմբուդսմենին եւ նրա աշխատակազմը: Եթե մեր դատավորները, դատախազները, զինկոմները, պետավտոտեսուչները ու այլեւայլ գերատեսչությունների չինովնիկները, որոնք օրը ցերեկով, անթաքույց կաշառակերությամբ են զբաղվում, եթե գոնե նրանցից մեկին կաշառքը ձեռքին բացահայտեին հանցանքի վայրում, ապա իրավապաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի բացահայտման փաստն այսքան հարցերի ու կասկածների տեղիք չէր տա», - շարադրված է «Առավոտ»-ի խմբագրականում: Այստեղ նաեւ նշված է, թե հիմա նրան կպատժեն օրենքի ողջ խստությամբ եւ ճիշտ կանեն, քանի որ «իրավապաշտպանը կաշառք վերցնելու իրավունք չունի, դա իրավապահների եւ այլ պաշտոնյանների մենաշնորհն է»:

«Երկիշխանությունը կթուլացնի երկիրը» վերնագրի ներքո «Գոլոս Արմենիի» թերթը գրում է. - «Երեւանի քաղաքապետի ընտրովի պաշտոնը, ինչը պնդում է Վենետիկի հանձնաժողովը, իշխանությունների համար կարող է գլխացավ դառնալ»: Հիշեցնելով, որ 1996 թվականի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկածու Վազգեն Մանուկյանը հաղթել էր Երեւանում՝ մեկնաբանը, այժմ եւս հավանական համարելով այլընտրանքային թեկնածուի հաղթանակը, նշում է, թե իշխանությունների կողմից իրենց թեկնածուի անցկացումը դյուրին չի լինի: «Իհարկե, ով ընտրվի Երեւանի քաղաքապետ, 2007-ի խորհրդարանական, այնուհետեւ 2008-ի նախագահական ընտրությունների վրա ազդեցության հզոր լծակներ կստանա... Այնպես որ, տհաճ անակնկալներից խուսափելու համար կոալիցիան ամեն ինչ կանի՝ համոզելու համար եվրոպական կառույցներին ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա», - եզրահանգում է «Գոլոս Արմենիի»-ին:

«Ժառանգություն» կուսակցության համագումարի ծիրում անդրադառնալով ընդդիմադիր նոր դաշինքի ձեւավորման հնարավորությանը, «Հայկական ժամանակ»-ը մատուցում է. - «Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառել, որ մեկ շաբաթ անց հայտարարվի ընդդիմադիր նոր դաշինքի ստեղծման մասին, նաեւ չի բացառել, որ կհայտարարվի նման դաշինքի չստեղծման մասին»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG