Մատչելիության հղումներ

Վրաստանից ռուսաստանյան զորակայանների դուրսբերումը կսկվի արդեն այս տարի


Ռուսաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների միջեւ երկուշաբթի օրը ստորգրվել է համատեղ հայտարարություն, որով Ռուսաստանը համաձայնել է Վրաստանի տարածքից իր երկու ռազմակայանների դուրսբերումը սկսել մինչել այս տարվա վերջ եւ ավարտել 2008 թվականի ընթացքում:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, երկուշաբթի օրը Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե «ձեռք բերված համաձայնությունը կարեւոր եւ կառուցողական քայլ է՝ ուղղված երկու երկրների հարաբերությունների զարգացմանը»:

Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, թե կողմերի միջեւ ստորագրված համաձայնագիրը պետք է պաշտոնապես հաստատվի Ռուսաստանի Պետդումայի կողմից՝ դուրսբերման ֆինանսավորումը ապահովելու համար:

Ըստ Լավրովի, զորակայանների դուրսբերումը կսկսվի Ախալքալակի զորակայանից: Ընդ որում, մինչեւ 2005 թվականի սեպտեմբերի 1-ը զորակայաններից պետք է դուրս բերվի 40 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ առնվազն 20 հրասայլ (տանկ):

Իր հերթին, Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, թե Վրաստանը պատրաստ է մասնակցել զորակայանների դուրսբերման գործընթացի ֆինանսավորմանը:

«Մենք կանենք հնարավոր ամենը ռազմական տեխնիկան Ռուսաստան տեղափոխելու համար», - նշել է Զուրաբիշվիլին՝ միեւնույն ժամանակ չբացառելով, որ «տեխնիկայի մի մասը կարող է տեղափոխվել այլ վայրեր, որտեղ կան համապատասխան ենթակառուցվածքներ, օրինակ՝ Հայաստան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG