Մատչելիության հղումներ

Իրավապահները ուժ են կիրառել Հրազդանի քաղաքապետի ընտրության ժամանակ


Անցած կիրակի Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ հատուկ ջոկատայինները ուժ են կիրառել թեկնածուներից մեկի կողմնակիցների նկատմամբ:

Քվեարկության վերջին ժամերին, ինչպես նաեւ քվեարկությունից հետո` ուշ երեկոյան, առնվազն երեք տեղամասերի մոտ ծեծի են ենթակվել թեկնածու Արթուր Շաբոյանի կողմնակիցները: Վերջինիս կողմնակիցները՝ շուրջ 2 հազար մարդ երկուշաբթի օրը հանրահավաք էին կազմակերպել Հրազդանի վարչական կետրոնի շենքի դիմաց:

Արթուր Շաբոյանը գործող թաղապետ Արամ Դանիելյանի մրցակիցն է: Վերջինս ներկայացնում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

Երեկվա ընտրությանը Հրազդանի 41 հազար ընտրողների կեսից ավելին մասնակցել է քվեարկությանը, եւ, նախնական տվյալներով, գործող քաղաքապետը ստացել է 10 հազար 482 ձայն, նրա մրցակիցը՝ 10 հազար 133: Սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընտրատարծքային հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, երկուշաբթի առավոտյան, սահմանված կարգով 23 դիմում-բողոք է ներկայացվել՝ պահաջելով բացել բոլոր տեղամասերը եւ վերահաշվարկել քվեները:

Հարությունյանի փոխանցմամբ, հանձնաժողովը որոշել է բացել 23 տեղամասերի քվեատուփերն ու վերահաշվարկել քվեաթերթիկները:

«Քանի որ դիմում-բողոքներ ունենք, պարտավոր ենք բացել բոլոր տեղամասերը եւ համեմատել իրական արդյունքների հետ», - ասաց Գագիկ Հարությունյանը: - «Ընտրատարածքային հանձնաժողովը բոլոր տեղամասերը ստուգելուց հետո կկայացնի համապատասխան որոշում»:

«Ընտրության ընթացքում ես պտտվել եմ ամբողջ քաղաքի տարածքով մեկ եւ ականատես եմ եղել այդ բռնություններին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց անկուսակցական Արթուր Շաբոյանը՝ պնդելով նաեւ, թե Դանիելյանի օգտին ընտրակաշառքներ բաժանողները «հովանավորվել են ոստիկանապետի գլխավորությամբ»:

«Դրանից հետո հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից ճնշում է գործադրվել մեր աշխատողների վրա», - ավելացրեց նա:

Հատուկ ջոկատայինների գործողությունների մասին «Ազատություն» ռադիոկայանին պատմեցին բազմաթիվ հրազդանցիներ: Նրանց խոսքերով, իրավապահները օգտագործել էին մահակներ եւ էլեկտրաշոկեր:

Միջին տարիքի մի հրազդանցի պատմեց, որ երբ իրենք կեսգիշերից անց հավաքվել էին տեղամասերից մեկում, որտեղից դեռեւս տեղեկություններ չունեին: Նրա խոսքեորվ, իրենց կանգնած էին բավական հեռավորության վրա, երբ մեքենաներով եկել էին հատուկ ջոկատայինները:

«Հայհոյեցին մեզ», - շարունակեց նա: «Երբ ժողովրդի մեջից մեկը ասաց, թե՝ մենք ժողովուրդ ենք, ոչխաներ չենք... Եվ միանգամից սկսվեց այդ կոտորածը»:

Մեկ այլ հրազդանցի պնդեց, որ իր հարեւանը, որին իրավապահները դաժանորեն ծեծել էին, այժմ ծանր վիճակում պառկած է:

Գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, թե իրավիճակի սրումը «հակառակ թիմի ձեռագիրն է»: Նրա կարծիքով, անցկացվել է «նորմալ ընտրություն»:

«Ներքին գործերի մարմինները հո չէ՞ին գնա էն մարդկանց կպնեին, որ կարգ չէին խանգարում», - ուժայինների գործողությունները մեկնաբանեց Դանիելյանը: - «Ուրեմն մի բան եղել ա: Կարգի են հրավիրել՝ մարդկանց դուրը չի գալիս»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG