Մատչելիության հղումներ

logo-print

Քննարկվեց դրամի արժեվորման ազդեցությունը տնտեսության վրա


Անկախ փորձագետների կարծիքով, ամերիկյան դոլարի նկատմամբ զգալիորեն ուժեղացած ազգային դրամը բացասական ազդեցություն է ունենում տնտեսության վրա: Կենտրոնական բանկի պատասխանատուները, համաձայնելով դրան, այդուհանդերձ, պնդում են, թե փորձագետները չափացանցնում են այդ ազդեցության չափը:

Երկուշաբթի օրը կայացած քննարկման ընթացքում փորձագետ Էդուարդ Աղաջանովը, վկայակոչելով պաշտոնական վիճակագրության տվյալները, ասաց, թե դրամի արժեվորման հետեւանքով անցյալ տարվա ընթացքում ներմուծման եւ արտահման տարբերությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 636 միլիոն դոլարի։ Այսպես շարունակելու դեպքում, ըստ փորձագետի, երկրի տնտեսությանը սնանկացում է սպառնում։

Աղաջանովի կարծիքով, նման պայմաններում պետության տնտեսական քաղաքականությունը դուրս է որեւէ տրամաբանությունից։

«Մասնավորապես, այդպիսին է Կենտրոնական բանկի քաղաքականությունը, որ հարմարեցված է ապրանք ներմուծող գործարարների շահերին», - պնդում է փորձագետը՝ ավելացնելով. -«Հայաստան երկիրը ընդհանրապես ոչ մի կապ չունի այն տենդենցների հետ, որ գոյություն ունեն աշխարհում»:

Քննարկման մասնակիցներից Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը, ընդունեց, որ դրամի արժեքավորումը բացասաբար է ազդում տնտեսության վրա, սակայն՝ ոչ այն չափով, ինչքան փորձագետներն են նշում: Նրա փաստարկմամբ՝ դրամի ուժեղացումը, ի վերջո, չի ազդում մեր արտադրողների մրցունակության վրա՝ գոնե համեմատած մեր հարեւանների հետ:

Գաբրիելյանը հիմնավորեց, թե ճիշտ է, դրամն արժեքավորվել է, սակայն, նույնպիսի փոփոխություններ են կրել նաեւ Հայաստանի առեւտրային գործընկեր երկրների արժույթների փոխարժեքները եւ գները, ուստի մեր արտադրողները մրցունակության կորուստներ չեն ունեցել։

Այս մտքին անկախ փորձագետները իրենց հակափաստարկը ունեն, թե՝ Կենտրոնական բանկը ամբողջությամբ չի կարող կառավարել սղաճը ու գների կայունություն ապահովել:

«Կենտրոնական բանկը ի վիճակի է սղաճ թույլ չտալ, գները կարգավորել միայն դրամական գործոններով», - պնդեց Էդուարդ Աղաջանովը: - «Մեր տիպի երկրներում սղաճի վրա մեծ ազդեցություն ունեն ոչ մոնետար գործոնները»:

Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, այդուհանդերձ, չեն հոգնում կրկնել, թե իրենց քաղաքականության նպատակը երկրում գների կայունությունն ապահովելն է:

«Եթե որեւէ այլ նպատակ հակասում է գների կայունությանը, ապա գների կայունությունը անվերապահորեն ունի առաջնայնություն, եւ Կենտրոնական բանկը պարտավոր է հետեւել դրան», - այսօրվա քննարկման ժամանակ կրկնեց Վաչե Գաբրիելյանը:

Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանը բարձրացրեց հետեւյալ հարցը. ինչո՞վ է որոշվում այն սահմանը, որից հետո կարելի է պնդել, թե գների կայունությունը խախտվել է:

«Կենտրոնական բանկի գերակա խնդիրը, որը շարադրված է որպես գների կայունության ապահովման գործառույթ, իր մեջ մառախուղի բավականին մեծ տեսակարար կշիռ է պարունակում: Եվ որեւէ տեղ նկարագրված չէ, թե ինչ ասել է գների կայություն», - ասաց Ղոնջեյանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG