Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 28-ը մայիսի)

«Այսօր՝ Հանրապետության տոնի օրը, միասնության գաղափարին յուրատեսակ փորձութուն է սպասվում, երբ Արագածի փեշերին համազգային շուրջպարին մասնակցողները պիտի փորձեն 15 րոպե նույն շարժումներով նույն պարը պարել: Մայիսի 28-ը հաղթանակների օր է, ոչ թե ձախողումների, եւ Միասնության շուրջպարն էլ պետք է դառնա համախմբվածության հաղթանակ», - շեշտադրված է «Հայաստանի Հանրապետություն» թերթի առաջին էջում:

«Առաջին հանրապետության մարտահրավերները եւ դասերը» վերնագրով հրապարակման մեջ անդրադառնալով այսօրվա մարտահրավերներին, «Գոլոս Արմենիի» թերթը նշում է. - «Տարածաշրջանի որոշ երկրներ փորձում են Հայաստանը մեկուսացնելու քաղաքականություն իրականացնել: Եվ եթե մենք չկարողանանք հաղթահարել ժամանակի հրատապ մարտահրավերները, ստիպված կլինենք մեղադրել միայն մեզ եւ ուրիշ ոչ ոքի: Պատմությունը չի մեղադրի նախարարին, վարչապետին, ընդդիմությանը կամ նախագահին. պատմությունը կմեղադրի սերունդներին»: Մեծ հաշվով, ըստ թերթի, մարտահրավերների պատասխանը միայն մեկն է՝ Հայաստանի եւ Ղարաբաղի բարգավաճումը: «Եվ դրա իրականացումը կախված է յուրաքանչյուրից, յուրաքանչյուր հայից՝ անկախ այն բանից, թե նա որտեղ է բնակվում՝ Երեւանում, Քաշաթաղում թե Փարիզում», - եզրափակում է «Գոլոս Արմենիի»-ին:

«Հայկական ժամանակ»-ը, ուղղակի կապ տեսնելով Միասնության շուրջպարի եւ 2004 թվականի ապրիլի լույս 13-ի իրադարձությունների միջեւ, գրում է. - «Ընդդիմության ակտիվիստները փակել էին Բաղրամյան պողոտան, եւ որ հետաքրքիր է` դարձյալ պարում էին: 2004 թվականին փակված էր Բաղրամյան պողոտայի ընդամենը կես կիլոմետրանոց մի հատված, իսկ այսօր փակվելու է միջպետական եւ հանրապետական նշանակություն ունեցող 169 կիլոմետր ճանապարհ, ինչը հակասում է ոչ միայն «Ժողովներ, հանրահավաքներ, եթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքին, այլեւ Սահմանադրությամբ ամրագրված ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքին»:

«Հայոց աշխարհ»-ի ձեւակերպմամբ, hայոց պետականության պատմության սկիզբը դարձած 1918-ի մայիսի 28-ը «մարմնավորում է պետականության գաղափարի մեջ կերպավորվող միասնության խորհուրդը՝ որպես մեր ձեռքբերումների պահպանման ու նվաճումների ապահովման վճռորոշ պայման»: «Հավատարիմ լինել մայիսի 28-ի խորհրդին, նշանակում է ամրապնդել մեր հասարակության ներքին միասնականությունը եւ դրանով պայմանավորվող՝ արտաքին դիմադրողականությունը», - ընդգծված է թերթում:

«Հայաստանում հեղափոխության համար ավելի քիչ է անհրաժեշտ պարարտ հողը, այլապես այդ հեղափոխությունն առաջինը կփորձարկվեր Հայաստանում: Սակայն դա բնավ չի նշանակում, որ հեղափոխությունը բացառված է», - «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ասում է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: - «Դա բացառել կարելի է մի պարագայում, եթե մենք համապատասխան զարգացման եւ բարեփոխումների դինամիկա ապահովենք, որը կտանի դժգոհության նվազման: Որովհետեւ այսօր կա դժգոհություն, եւ այդ դժգոհությունը խիստ կայուն է: Մենք պետք է կարողանանք ճեղքել կայուն դժգոհության այս պատնեշը»: Մտահոգիչ համարելով, որ ընդհանուր քաղաքական դաշտը պասիվացել է, եւ փոխարենը ակտիվացել են ապաքաղաքական ուժերը՝ Արմեն Ռուստամյանը ընդգծում է. - «Տեղին է խոսել ստվերային ղեկավարման ու կառավարման մասին»:

«Եվրախորհրդի մամուլի ծառայության երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ Վենետիկի հանձնաժողովը, գնահատելով Հայաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագիծը, «խորը անբավարարվածությունը» հայտնել, քանի որ հաշվի չի առնվել հանձնաժողովի առաջարկների մեծամասնությունը», - ծանուցում է «Առավոտ»-ը՝ մեջբերելով հանձնաժողովի անդամներից մեկի խոսքերը. - «Սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է վճռականորեն վերանայվի՝ մինչեւ երկրորդ ընթերցմամբ ընդունվելը»: «Փորձագետները նաեւ հայտարարել են, որ եթե նախագիծն ամբողջությամբ չարտահայտի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ սահմանադրական բարեփոխումների ամբողջ գործընթացն ի վիճակի չի լինի Հայաստանը մոտեցնել եվրոպական արժեքներին եւ ծառայել եվրոպական հետագա ինտեգրացիայի նպատակին», - մատուցում է թերթը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG