Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Հայաստանի ղեկավարության հետ


Երկուշաբթի օրը, ինչպես տեղեկացնում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, Հայաստան է ժամանելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը, որը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ: Այս օրերին Հայաստանում է նաեւ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Մոդեստ Կոլերովը:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Կոլերովը հանդիպումներ է անցկացնում երկրի իշխանությունների, խորհրդարանականների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Երկուշաբթի օրը Մոդեստ Կոլերովին ընդունել է Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը:


Ինչպես փոխանցում է պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում կողմերը, «կարեւորելով Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում անցկացվող մշակութային միջոցառումները, փաստեցին, որ կարելի է դրանք ավելի ընդլայնել ու խորացնել՝ ընդգրկելով արվեստի բոլոր ճյուղերը»:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացման ներկա մակարդակին», - ասված է գնդապետ Շահսուվարյանի տարածած հակիրճ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG