Մատչելիության հղումներ

Բեյրութում հաղթել է Սաադ Ալ Հարիրիի դաշինքը


Մերձավոր Արեւելքի ամենահայաշատ երկրում՝ Լիբանանում անցկացվող խորհրդարանական ընտրությունների չորս փուլերից առաջինը տեղի է ունեցել երեկ մայրաքաղաք Բեյրութում: Պաշտոնական տվյալների համաձայն, Սաադ Ալ Հարիրիի ղեկավարած «Ապագա» նախընտրական դաշինքը շահել է Լիբանանի 128-տեղանոց խորհրդարանում Բեյրութին հատկացված բոլոր 19 տեղերը:

35-ամյա Սաադ Ալ Հարիրին այս տարվա փետրվարի 14-ին ահաբեկչական գրոհի զոհ դարձած նախկին վարչապետ, մեծահարուստ Ռաֆիք Հարիրիի որդին է: Ավագ Հարիրիի սպանությունից հետո Լիբանանում տեղի են ունեցել շրջադարձային փոփոխություններ: Դրանցից գլխավորն այն է, որ միջազգային հանրության, հատկապես Միացյալ Նահանգների գործադրած ճնշումների արդյունքում Սիրիան դուրս է բերել իր զորքը Լիբանանի տարածքից: Այսպիսով, վերջին երեք տասնամյակում առաջին անգամ Լիբանանում տեղի են ունենում ընտրություններ՝ առանց Դամասկոսի ռազմական ներկայության:

«Մենք այս երկիրը կառուցելու ենք ազգային միասնության հիմքի վրա», - ասել է Սաադ Ալ Հարիրին: - «Մարդիկ ակտիվորեն մասնակցում են քվեարկությանը՝ հարգանքի տուրք մատուցելով իմ հոր՝ սպանված նախկին վարչապետ Ռաֆիք Ալ Հարիրիի հիշատակին»:

Մնացած երեք փուլերը Լիբանանի շրջաններում տեղի կունենան առաջիկա երեք կիրակի օրերին: Կրտսեր Հարիրիի ղեկավարած «Ապագա» դաշինքի վերջնական հաղթանակը, ըստ վերլուծաբանների, կասկած չի հարուցում:

Մինչդեռ, քաղաքական մի շարք ուժեր, այդ թվում ՀՅԴ-ն բնակչությանը հորդորել են բոյկոտել ընտրությունները: Դաշնակցությունը, ըստ «Ռոյթեր» լրատվական գործակալության, դժգոհություն է հայտնել այն առիթով, որ անցած ընտրություններում հայկական մեծ համայնքին վերապահված խորհրդարանական 4 տեղերն այս անգամ անցել են Հարիրիի դաշինքին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG