Մատչելիության հղումներ

«Հայաստանի պետական սահմանում հիմնական խնդիրը անասունների մաքսանենգությունն է»


Ռուսաստանի ազգային անվտանգության ծառայության Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչության ղեկավար Սերգեյ Բոնդարեւը, ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում հավաստիացրեց, որ պետական սահմանում իրավիճակը հանգիստ է: Նրա խոսքերով, պետական սահմանում հիմնական խնդիրը շարունակում է մնալ անասունների մաքսանենգությունը:

2005 թվականի ընթացքում, Բոնդարեւի փոխանցմամբ, սահմանապահները հայտնաբերել են 65 սահմանախախտի, որոնցից 63-ին «Զվարթնոց» օդանավակայանում՝ հիմնականում կեղծ փաստաթղթերով երկրից դուրս գալու կամ երկիր մուտք գործելու փորձ կատարելիս: Մյուս երկու դեպքերը արձանագրվել են Գյումրիում. Թուրքիայի երկու քաղաքացի ձերբակալվել են Հայաստան մուտք գործելու փորձի ժամանակ:

Այս տարի ռուս սահմանապահները չեն հայտնաբերել խոշոր չափերով թմրանյութեր կամ զենք: Առգրավվել է շուրջ երկու տասնյակ միավոր սառը զենք: Մաքսավորներին տարվա սկզբից ի վեր փոխանցվել է ավելի քան 20 հազար դոլար արժողությամբ մաքսանենգ ապրանք:

Սահմանապահների համար ամենացավոտ հարցը շարունակում է մնալ անասնագողությունը, ինչից տուժում են Թուրքիային սահմանամերձ շրջանների բնակիչները:

«Դա շատ լավ է, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանում հիմնական խնդիրը անասունների մաքսանենգությունն է», - ասաց Բոնդարեւը՝ ավելացնելով, որ միջոցներ են ձեռնարկում դրա դեմ պայքարի աշխատանքները կատարելագործելու ուղղությամբ:

Մանրամասնելով՝ նա ասաց, որ ներկայումս ուժեղացվում են սահմանակետերը, խրամատներ են փորվում, արգելափակոցներ են կառուցվում:

«Ես արդեն հրաման եմ տվել այնտեղ, որտեղ հնարավոր է, ականապատել: Կրակել այն մարդկանց վրա, ովքեր կփորձեն գիշերով անցնել սահմանը», - ասաց Սերգեյ Բոնդարեւը:

Պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ Հայաստանը մոտ ապագայում հրաժարվի Ռուսաստանի սահմանապահների ծառայություններից եւ սեփական ուժերով պահպանի պետական սահմանը, Բոնդարեւը ասաց. - «Նման հարց այսօր չկա, եւ ոչ ոք այն չի բարձրացնում: Ես կարծում եմ, որ առաջիկա տարիներին հազիվ թե նման հարց դրվի»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG