Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ի պատկերմամբ, 2004 թվականի պետբյուջեի կատարման հաշվետվությունը կառավարությունը երեկ ներկայացրեց Ազգային ժողովի 95 տոկոսով դատարկ դահլիճում: «Սա Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ աննախադեպ երեւույթ է: Եվ իրոք, սա ցույց է տալիս, թե ինչպիսի ցածր նշաձողի է այսօր Հայաստանում հասել պետության ընկալումը, եւ ինչպիսի ցածր մակարդակով է իրականացվում պետական կառավարումը», - խորացնում է «Հայկական ժամանակ»-ը:

Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթի պատկերմամբ եւս, վերջին շրջանում «ԱԺ նիստերի դահլիճում շատ քիչ է հաջողվում գոնե երկու տասնյակ պատգամավոր տեսնել». - «Բացառությամբ այն դեպքերի, երբ քվեարկություններ են նախատեսված, եւ, այսպես կոչված, կոճակ սեղմող պատգամավորները այցելում են Ազգային ժողով եւ կատարում ժողովրդի առջեւ իրենց ստանձնած «պարտավորությունները»:

«Ազգային ժողովն այս երկու տարում պարզապես դակիչի դեր է կատարել, նախագծերի մեծամասնությունը լուրջ քննարկման չեն ենթարկվել, եւ, ըստ էության, ԱԺ-ի հնազանդ, ագրեսիվ մեծամասնությունը դակում է այդ նախագծերը: ԱԺ-ի կողմից ընդունված օրենքների ավելի քան 85 տոկոսը ներկայացվել է կառավարության կողմից: Սա ցույց է տալիս, որ գործող ԱԺ-ն իր պրոֆեսիոնալ եւ քաղաքական մասով ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները», - «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է Վիկտոր Դալլաքյանը՝ անդրադառնալով նաեւ իշխանափոխության հնարավորությանը. - «Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելը նշանակում է «ոչ» ասել այսօրվա իշխանությանը... Պատկերացրեք, 30-40 լուրջ կուսակցություններ հավաքվում են եւ կոչ են անում ժողովրդին՝ «ՈՉ» ասել սահմանադրական հանրաքվեին եւ Քոչարյանին: Կարծում եմ, սա լուրջ քաղաքական ակցիա կարող է դառնալ: Եվ եթե ընդդիմությունը չկարողանա համախմբվել այս հարցի շուրջ, սա կլինի ընդդիմության կոպիտ սխալը»:

«Առավոտ»-ի խմբագիրը «Պապային փնտրելիս» վերնագրի ներքո անդրադառնում է Քըրք Քըրքորյանի Հայաստան կատարած այցելության շուրջ վերջին շրջանի որոշ մեկնաբանություններին: «Այն քաղաքական շրջանակները, որոնք ենթադրում են՝ իբր Քըրքորյանը բերել է Քոչարյանին Ջորջ Բուշի «մեսիջը»՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ուղղությամբ, պարզապես ծանոթ չեն Արեւմուտքի եւ, մասնավորապես, ԱՄՆ-ի քաղաքական պրակտիկային: Ընդհանրապես, ամերիկացի որեւէ միլիարդատեր չի ստանձնի նման «մեսիջ» փոխանցելու առաքելություն: Իսկ մասնավորապես, Քըրքորյանը, որն ամենեւին էլ Ջորջ Բուշի կողմնակիցը չէ, առավել եւս նման պարտավորություն իր վրա չէր վերցնի: Բայց առավել կարեւոր հանգամանքն այստեղ այլ է», - ընդգծում է Արամ Աբրահամյանը: - «Ընդդիմադիր այդ շրջանակները վստահ են, որ առանց Ջորջ Բուշի Հայաստանում իշխանափոխություն չի լինի: Այսինքն՝ ենթադրությունը «մեսիջի» մասին թեեւ անհեթեթ է, բայց ճշգրտորեն արտացոլում է մեր քաղաքական պրակտիկան. առանց «պապայի» ոչ ոք ոչ մի քայլ չի ցանկանում անել»:

Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների ժողովրդավարացմանն ուղղված ԱՄՆ նախագահի հայտնի հայտարարությունը քննարկված է «Այբ-Ֆե»-ի խմբագրականում: «Այդ հայտարարությունը ոչ միայն գործելու, այլեւ երազելու, ստեղծագործելու, երեւակայելու հնարավորություն է տալիս: Հիմա հիշատակված տարածաշրջանի ընդդիմադիր գործիչները ջանք ու եռանդ չեն խնայելու: Նրանք մի կողմից իրենց ազգաբնակչությանը փորձելու են համոզել, թե հատկապես իրենք են Բուշի առաքյալը, զուգահեռ էլ հենց Բուշին են փորձելու ապացուցել, որ արժե իրենց վրա հույս դնել»: Չպնդելով, թե հունիսի սկզբին նախատեսված «Հանրապետության» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի այցը այդ բնույթի է լինելու, «Այբ-Ֆե»-ն հավելում է. - «Այդուհանդերձ, Արամ Սարգսյանն էլ դեմ չէ օգտվել ստեղծված հնարավորությունից ու «Ինչո՞ւ ոչ» ասել, իբր՝ կարող է եւ Հայաստանում իշխանափոխության իրականացման հեռանկարներն եմ քննարկելու ԱՄՆ լուրջ շրջանակների հետ»:

ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճանի հետ հարցազրույցը «Իրավունք»-ը սկսում է շրջանառվող լուրերով, թե ԱՄՆ պետդապարտամենտի հրավերով առաջիկայում նա Վաշինգտոն կմեկնի եւ՝ «որոշակի շրջանակներ լուրջ հույսեր են կապում այդ այցի հետ եւ ակնկալում են, որ Հայաստանում դրան հաջորդելու են արմատական լուրջ փոփոխություններ՝ ընդհուպ մինչեւ իշխանափոխություն»: «Երբ որեւէ այց տեղի ունենա, այն ժամանակ էլ ձեզ տեղյակ կպահենք», - պատասխանել է Ստեփան Դեմիրճանը՝ ավելացնելով. - «Հույսեր առաջին հերթին պետք է կապենք ինքներս մեզ հետ»:

«Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը, անդրադառնալով տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ծրագրերի հետեւանքով Հայաստանի մեկուսացման վտանգին, ընդգծում է. - «Եթե Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է ոչ թե իբրեւ ընթացիկ գործընկեր, այլ իսկապես ռազմավարական դաշնակից, ապա պետք է կոնկերտ քայլերով նպաստի տնտեսական մրցակցության մեջ մեր երկրի ռազմավարական պարտության հեռանկարի չեզոքացմանը»:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների այս փուլին մասնակցող միակ ընդդիմադիր գործիչը` Նորք - Մարաշ համայնքի թաղապետի թեկնածու Գագիկ Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել եւ հրաժարվել է հետագա պայքարից: Ընդդիմադիր միակ թեկնածուի քայլը «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանում է հետեւյալ կերպ. - «Ակնհայտ է, որ ինքնաբացարկի պատճառը ՀԺԿ լիդերների որդեգրած դիրքորոշումն է: Տասն օրից ավելի Նորք - Մարաշում նախընտրական արշավ է ընթանում, սակայն ՀԺԿ-ն չի հայտարարել Հովհաննիսյանին աջակցելու մասին: Եվ այս պարագայում ինքնաբացարկն այլընտրանք չունի, որովհետեւ հասկանալի չէ` ինչ անել եւ ումով անել»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG