Մատչելիության հղումներ

Նախարարն ու պատգամավորը հերքում են, թե Աժ դահլիճում ծեծկռտուք է եղել


Հայաստանի տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը եւ Աժ պատգամավոր Արամայիս Գրիգորյանը հինգշաբթի օրը հերքել են, թե նախորդ օրը Ազգային ժողովի դահլիճում իրենց միջեւ ծեծկռտուք է եղել:

Կառավառող Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Պետք է նշեմ, որ այդ ծեծկռտուքի մասին ես տեղեկություն չունեմ, որովհետեւ ես ներկա էի՝ ծեծկռտուք ընդհանրապես չի եղել: Եղել է ընդամենը հնչեցված հարցի պարզաբանում, որը շարունակվել է Հովիկ Աբրահամյանի կողմից»:

Մելիքյանը պարզաբանեց, թե միջադեպը ծագել էր այն բանից հետո, երբ հնչեցվել էր ոգելից խմիչքների արտադրության հետ կապված ակցիների տրամադրման առնչությամբ հարց, որի պատասխանը չէր բավարարել պատգամավորին (Արամայիս Գրիգորյանին), եւ նա եւս մեկ անգամ ցանկացել էր Հովիկ Աբրահամյանից ճշտել, թե ինչու ֆինանսների նախարարը կոռեկտ ձեւով չի պատասխանել իր հարցին:

«Ընդամենը դրա մասին էր գնում խոսակցությունը», - բառացիորեն ասաց Մելիքյանը՝ հավելելով. - «Իսկ ընդհանրապես ծեծկռտուք չի եղել»:

«Եղել է աշխատանքային խոսակցություն», - պարզաբանեց Հովիկ Աբրահամյանը: - «Ես ուղղակի զարմանում եմ, որ բարդացրել են այդքան: Ոչ մի խնդիր չի եղել... Քննարկել ենք. կարող է մի քիչ բարձր ձայնով է քննարկումը եղել»:

Արամայիս Գրիգորյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով հավաստիացրեց. - «Հարված չի եղել»:

Երկրի վարչապետը, ով նաեւ կառավարող Հանրապետական կուսակցության առաջնորդն է, միջադեպի առնչությամբ ասաց. - «Նախարարը մեղավոր չէ: Ոչ էլ պատգամավորն է մեղավոր»:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG