Մատչելիության հղումներ

Թուրք գիտնականները բողոքում են հայկական հարցին նվիրված գիտաժողովի անցկացմանը խոչընդոտելու դեմ


Չորեքշաբթի օրը Ստամբուլի Բողազիջի համալսարանի կազմակերպած՝ «Կայսրության փլուզման շրջանում օսմանյան հայերը. գիտական պատասխանատվության եւ ժողովրդավարության հարցերը» միջազգային գիտաժողովի կազմակերպիչ թուրք գիտնականներից ոմանք մեղադրել են իշխանություններին՝ համալսարանի անկախության վրա բռնանալու մեջ:

Դեռ մի քանի օր առաջ այս բացառիկ նախաձեռնությունը մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում՝ հատկապես պաշտոնական տեսակետը կիսող շրջանակներում: Ի վերջո Թուրքիայի արդարադատության նախարարը բավական խիստ հայտարարություն արեց՝ գիտաժողովի կազմակերպիչներին մեղադրելով դավաճանության մեջ:

Արդարադատության նախարարի կտրուկ հայտարարությունից հետո Բողազիչի համալսարանը ստիպված էր չեղյալ հայտարարել գիտաժողովը:

«Վախեցան, որովհետեւ սպառնալիք կար արդարադատության նախարարի խոսքի մեջ, որտեղ ասում էր՝ եթե ես կարողանայի դատական գործ բացել՝ կբացեի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ստամբուլում լույս տեղնող «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեճյանը: - «Բողազիչի համալսարանի, որ այս երկրի ամենահեղինակավոր համալսարանն է, 109 ակադեմիականներ ստորագրություններ հավաքեցին եւ դատապարտեցին երկրի իշխանություններին՝ մասնավորապես արդարադատության նախարարին, եւ պահանջեցին, որ այս համաժողովը անպայման կայանա»:

Հատտեճյանի խոսքերով, թուրքական մամուլի արձագանքներն էլ բացասական են. - «Այսօր բովանդակ թուրք մամուլը առանց բացառության իր ընդվզումը կհայտնի համաժողովի հետաձգման կապակցությամբ եւ միաձայն կդատապարտի արդարադատության նախարարին»:

Հատտեճյանի կարծիքով, գիտաժողովի չեղյալ հայտարարելը նույնիսկ ինչ-որ առումով գոհացնում է կազմակերպիչներին, քանի որ բարձրացած աղմուկը շատ ավելի մեծ էր, քան այդ գիտաժողովը կայանալու դեպքում կլիներ: Մյուս կողմից, Հատտեճյանի կարծիքով, իրավիճակն այս հարցի շուրջ այնքան լարված է, որ գոնե առաջիկա օրերին գիտաժողովը հազիվ թե կայանա:


Աննա Սաղաբալյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG