Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այսօրվա մամուլի մի շարք հրապարակումներ բացահայտում են Ազգային ժողովի նիստերի դահլիճում երեկ տեղի ունեցած միջադեպը: «Երկու համերկրացի՝ մեկը գործադիրից, մյուսը՝ օրենսդիրից, չզսպեցին եռացող կրքերը եւ ուղղակի ձեռնամարտ սկսեցին հենց նիստերի դահլիճում: Հոգ տարվեց ձեռնամարտը լրագրողների աչքից հեռու պահելու համար, բայց ակնհայտ էր ավշարցի պատգամավոր Արամայիս Գրիգորյանի բռնցքահարվածը «սուպերնախարար» մխչյանցի Հովիկ Աբրահամյանին: Ներկա պատգամավորները՝ շփոթված, Հովիկ Աբրահամյանը տապալված էր», - նկարագրված է «Ազգ»-ում: «Ազգային ժողով - կառավարություն ռազբորկան տեղափոխվեց միջանց, հետո, խուսափելով լրագրողներից, մեկ այլ ակնյուն տեղափոխվեցին, որտեղից լսելի էր միայն Հովիկ Աբրահամայի ձայնը՝ «փող չկա, արա’», - շարունակում է «168 ժամ»-ը, ըստ որի՝ միջադեպի պատճառն այն է, որ Հովիկ Աբրահամային դուր չէր եկել Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արամայիս Գրիգորյանի՝ կառավարությանն ուղղված հարցը, որը վերաբերում էր ակցիզային դրոշմանիշներին: «Ազգ»-ի մեկնությանբ, չի բացառվում նաեւ, որ կիսելիքը «նրանցից ում ավելի հզոր լինելու հարցի պատասխանն է»:

Միասնության շուրջպարը դիտակելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքի ծիրում՝ «Հայկական ժամանակ»-ը նշում է, թե արդարադատության նախախար Դավիթ Հարությունյանը հաստատել է, որ այդ «զանգվածային-հրապարակային միջոցառման վրա եւս տարածվում է օրենքը, եւ շուրջպարի կազմակերպիչները, համաձայն օրենքի, պետք է բոլոր համայնքների ղեկավարներին գրավոր իրազեկեին միջոցառման անցկացման մասին»: Փորձելով պարզել, թե շուրջպարի կազմակերպիչները որքանով են պահապանել ՀՀ օրենքը, «Հայկական ժամանակ»-ը ճշտել է. - «Միասնության շուրջպարի կազմկոմիտեն որոշել է, որ իրենց զանգվածային միջոցառումն այնպիսի միջոցառում է, ինչպես, ասենք, ֆուտբոլը, եւ քանի որ ֆուտբոլ գնալուց որեւէ մեկին չեն իրազեկում, ուստի իրենք եւս գտնում են, որ որեւէ օրենք չեն խախտել»: «Այս տրամաբանությամբ կարող ենք ասել, որ հանրահավաք կամ երթ անցկացնողները եւս իրենց կարող են նույնացնել ֆուտբոլ գնացողների հետ», - ի մի է բերված «Հայկական ժամանակ»-ում:

«Ընտրական օրենսգրքի» քննարկման ժամանակ Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, թե Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կատարված փոփոխություններին», - հիշեցնում է «Առավոտ»-ը՝ դրան կապակցելով ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի այսօրվա հարցազրույցից առանձնացված հետեւյալ հատվածը. - «Հայաստանում որոշ մարդիկ ժամանակ առ ժամանակ իրենց արդեն իրավունք են վերապահում ասել եվրոպական կառույցների տեսակետները: Կարծում եմ, առաջիկա շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի «Ընտրական օրենսգրքի» ընդունված տեքստն ուղարկել փորձագետներին եւ ստանալ վերջնական եզրակացություն: Վստահաբար կարող եմ ասել, որ իրենց գնահատականներն այս ընթացքում բավականին մեղմվել են: Սակայն կարծում եմ, որ ի սկզբանե առաջադրված բոլոր հարցերը չէ, որ լուծվել են»:

Վերլուծելով սահմանադրական բարեփոխումների՝ կոալիցիայի ներկայացրած տարբերակը, որը մոտ երկու շաբաթ առաջ Ազգային ժողովն առաջին ընթեցմամբ ընդունեց որպես բարեփոխումների հիմք՝ «168 ժամ» թերթի մեկնաբանը եզրահանգում է. - «Եթե գործող Սահմանադրությունը երկրի նախագահին օժտում է գերլիազորություններով, ապա սահմանադրական փոփոխությունների` կոալիցիայի առաջարկած տարբերակը երկրի նախագահին տալիս է գրեթե թագավորի կարգավիճակ»:

Նույն թերթում, ի պատասխան հարցադրմանը, թե՝ «չե՞ք կարծում, որ հանրային հեռուստաընկերությունը, որի բյուջեն գոյանում է հասարակության վճարած հարկերից, պարտավոր է օբյեկտիվ տեղեկատվություն տարածել, Ազգային ժողովի կրթության, մշակույթի հարցրերով հանձնաժողովի անդամ, Դաշնակցության ներկայացուցիչ Ռուբեն Հովսեփյանը բանաձեւում է. - «Իմ պատկերցմամբ՝ օբյեկտիվությունը լայն սուբյեկտիվություն է»:

Միջնակարգ դպրոցների ավարտական վերջին զանգին անդրադառնալով վիճակագրական տեսանկյունից՝ «Հայկական ժամանակ»-ը արձանագրում է. - «Եթե հաշվի առնենք, որ 1988 թվականին հանրապետությունում ծնվել է 72 հազար 700 երեխա, բայց այսօր նրանցից դպրոցն ավարտում է միայն 48 հազարը, այսինքն 24 հազար 700-ով քիչ` մտահոգվելու բան, իրոք, կա»:

«Ազգ»-ն էլ ավետում է. - «Վերջին զանգի առիթով Արաբկիր համայքի 22 դպրոցներ թաղապետից ստացան կոնյակի տակառիկներ»: Թաղապետի լուսանկարով մատուցված նյութում ընդգծված է. - «Շիրվանզադեի դպրոցի միջոցառման հենց սկզբից ընթերցվեց թաղապետի ուղերձը ` հղված շրջանավարտներին: Լեւոն Հարությունյանի հաջորդ նվերը շրջանավարտներին հայկական կոնյակի տակառիկն էր` «Բացել 10 տարի անց» մակագրությամբ»: Թերթը նաեւ պարզաբում է. - «Նման մակագրությամբ թաղապետը ցանկությանուն ունի պահպանել եւ ամրացնել դպրոց-աշակերտ կապը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG