Մատչելիության հղումներ

Կառավարությունը զբաղվածության ոլորտում անցնում է «ակտիվ քաղաքականության»


Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ օրենքի մի նախագիծ, որը ենթադրում է զբաղվածության եւ աշխատանքի շուկայի կարգավորման պասիվ քաղաքականությունից անցում ավելի ակտիվ գործելաոճի:

«Մենք ընդունում ենք, որ մեր նախորդ ծրագրերը իրենց բնույթով ավելի պասիվ են եղել՝ դրամական օգնության, նպաստների եւ այլնի տեսքով: Այսօր մենք սկսում ենք մեր ակտիվ քաղաքականությունը զբաղվածության ոլորտում», - նիստից հետո լրագրողներից ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արա Պետրոսյանը՝ հավելելով, թե այդ նոր քաղաքականությունը բնակչության բոլոր խավերի համար երաշխավորում է աշխատանք ունենալու հավասարություն՝ զբաղվածության պետական նպատակային ծրագրերի միջոցով։

Օրենքում հատուկ առանձնացված են աշխատանքի շուկայում անմրցունակ բնակչության խմբերը՝ հաշմանդամները, կալանավայրերից եւ զինծառայությունից վերադարձածները, 35 եւ ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցողները, ովքեր այս կամ այն պատճառով կորցրել են աշխատանքը, ինչպես նաեւ աշխատանքային տարիքի հասած ծնողազուրկ երեխաները եւ փախստականները:

«Այս նախագծով մենք բնակչության բոլոր սոցիալական խմբերի համար ստեղծում ենք սոցիալական պաշտպանվածության անհրաժեշտ մեխանիզմներ», - ասաց Արա Պետրոսյանը:

Փոխնախարարի նշած մեխանիզմների մասին պարզաբանումներ տվեց Զբաղվածության հանրապետական գործակալության պետ Սոնա Հարությունյանը։ Նա ասաց, որ նոր օրենքի նախագիծը բնակչության անմրցունակ խմբերին հնարավորություն է տալիս առանց ապահովագրական ստաժ ունենալու պետական ծրագրերի շրջանակներում ընդգրկվել մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման խմբերում, մասնագիտություն ստանալ ու տեղավորվել աշխատանքի։

Ըստ տիկին Հարությունյանի, առաջարկվող նորամուծություններից մեկն էլ աշխատավարձի փոխհատուցման կիրառումն է:

«Աշխատավարձի փոխհատուցումը տրվելու է պետբյուջեի կողմից գործատուին՝ այս խոցելի խմբերին պատկանող անձանց աշխատանքի ընդունելու դեպքում», - ասաց նա:

Ենթադրվում է, որ գործատուները սոցիալապես խոցելի խմբերին աշխատանքի ընդունելու դեպքում նվազագույն աշխատավարձի կեսի չափով փոխհատուցում կստանան։ Ճիշտ է, 6,5 հազար դրամը մեծ գումար չէ, սակայն ինչ-որ տեղ կարող է շահագրգռել գործատուներին։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG