Մատչելիության հղումներ

logo-print

Հասարակական կազմակերպությունները մտահոգություն են հայտնում նոր Ընտրական օրենսգրքի կապակցությամբ


Հայաստանյան մոտ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների միավորող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը երեքշաբթի օրը տարածած հայտարարությամբ մտահոգություն է հնչեցրել, թե կատարված փոփոխությունները չեն կարող դիտվել որպես Ընտրական օրենսգրքի «իրական բարեփոխում»: Մտահոգություն է արտահայտված նաեւ փոփոխությունները Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ փորձագետների կողմից որպես առաջընթաց գնահատելու կապակցությամբ:

«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով առաջարկվող որոշ դրույթներ առաջընթաց են գործող օրենսգրքի համամետ», - ընդունում են հայտարարության հեղինակները՝ ավելացնելով, սակայն. - «Օրենքն ամբողջությամբ չի կարող դիտվել Ընտրական օրենսգրքի իրական բարեփոխում, առավել եւս՝ որ որոշ կարեւոր դրույթներ հետընթաց են ապրում»:

Հայտարարությունը հրապարակվեց երեքշաբթի օրը հրավիրված ասուլիսում, եւ դրա հեղինակները լրագրողներին ներկայացրին իրենց փաստարկները՝ պնդելով, թե փոփոխված Ընտրական օրենսգիրքը իշխանություններին ընտրակեղիքներ անելու մեծ հնարավորություններ է ընձեռում:

«Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Պողոսյանը անդրադարձավ մասնավորապես ընտրական հանձնաժողովների ձեւավորման փոփոխված կարգին, որը, իր համոզմամբ, չի ապահովում հանձնաժողովների «հավասարակշռությունն ու անկողմնակալությունը»:

Փոփոխված օրենսգրքով երկրի նախագահը ընտրական հանձնաժողովներում միայն մեկ անդամի նշանակելու իրավունք ունի (գործող օրենսգրքով նա նշանակում էր երեք անդամի): Մեկ անդամի նշանակելու իրավունքը փոխանցվել է Վճռաբեկ դատարանին, իսկ երկրորդինը՝ ներկայիս Ազգային ժողովի «Ժողովրդական պատգամավոր» խմբին, եւ հաջորդ Ազգային ժողովում այդ իրավունքը անցնելու է Դատարանների նախագահների խորհրդին:

Վարդան Պողոսյանի խոսքերով, քանի որ Հայաստանում անկախ դատական իշխանություն չի ձեւավորվել (ինչը, նրա խոսքերով, բազմիցս նշել է նաեւ Վենետիկի հանձնաժողովը), «զարմանալի է», թե ինչպես է Վենետիկի հանձնաժողովի փորձագետը պնդում, թե «դատական իշխանության ներգրավումը քաղաքական բազմակարծության բարձրացման գործոն է»:

«Այստեղ որեւէ տրամաբանություն մենք չենք տեսնում», - հայտարարեց Պողոսյանը՝ ավելացնելով. - «Մենք մտադիր ենք նաեւ մեր այս մտահոգությունը եւ հայտարարության տեքստը փոխանցել Եվրոպայի խորհրդին, որպեսզի իրենք մեկ անգամ եւս վերջնական եզրակացություն ընդունելուց առաջ վերանայեն իրենց մոտեցումը»:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության համոզմամբ, դատավորների՝ ընտրական հանձնաժողովներում ներգրավելը ոչ միայն չի ապահովում ընտրական հանձնաժողովների անկողմնակալությունը, այլեւ հակասահմանադրական է, քանի որ, ըստ Հայաստանի Սահմանադրության, դատավորը եւ Սահմանադրական դատարանի ամդանը չեն կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն:

Մինչդեռ «ժողովրդավարություն» կազմակերպության փոխնախագահ Հրայր Թովմասյանի հաշվարկով, ընտրական հանձնաժողովներում ներգրավված կլինի 80 դատավոր, ինչը «դատական կորպուսի մոտ 80 տոկոսն է կազմում»:

Ընտրական հանձնաժողովների ձեւավորումից զատ, ըստ «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության, փոփոխված Ընտրական օրենսգիրքը ընտրակեղծիքների նոր հնարավորություններ է ստեղծել: Մասնավորապես, հանվել է քվեաթերթիկների վրա հանձնաժողովների 3 անդամների պարտադիր ստորագրելու մասին դրույթը, ինչը քվեարկած թերթիկները «հեշտությամբ փոխելու հնարավորություն է ստեղծում»: Բացի այդ, հրապարակման ենթակա չեն զորամասերում կազմված ընտրացուցակները, իսկ դա տարբեր տեղամասերում զինվորականների համար մի քանի անգամ քվեարկելու հնարավորություն է ստեղծում, եւ «որեւէ մեկը դա վերահսկել չի կարողանա»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG