Մատչելիության հղումներ

logo-print

Ջավախքի հասարակական կազմակերպությունների խորհուրդը կոչ է անում «ըմբռնումով մոտենալ» ռուսաստանյան ռազմակայանի դուրսբերմանը


Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը երեքշաբթի օրը կայացած նիստում, անդրադառնալով Ախալքալակից ռուսական ռազմակայանի դուրսբերման խնդրին, կոչ է արել «ըմբռնումով մոտենալ կատարված փաստին»:

«Ջավախքի բնակչությունը, որքան էլ չցանկանա Ախալքալաքից ռուսական ռազմակայանի դուրսբերումը, այլեւս պետք է ըմբռնումով մոտենա կատարված փաստին, քանզի խնդրի լուծումը կախված է ռուսական եւ վրացական բարձրագույն իշխանությունների դիրքորոշումներից», - «Ա-Ինֆո» գործակալության փոխանցմամբ, այսպիսի կարծիք է հնչել խորհրդի նիստում: - «Ճիշտ է, ռազմակայանը Ախալքալաքում որոշակիորեն տնտեսական խնդիրներ էր մեղմում, ինչպես նաեւ թեկուզ հոգեբանական առումով ֆիզիկական անվտանգության երաշխիք էր, սակայն ռազմակայանի դուրսբերումը ջավախքցիները ողբերգություն չպիտի համարեն»:

Եվ եթե «Վրաստան պետությունն էլ ի վիճակի չլինի ապահովելու ջավախքցիների անվտանգությունը, այս հարցում կարելի է ապավինել միջազգային հանրության եւ միջազգային օրենքների օգնությանը»:

Այսօր Թբիլիսիում, մինչդեռ, ավարտվում են Վրաստանից ռուսական ռազմակայանների (երկրորդ ռազմակայանը գտնվում է Բաթումիում) դուրսբերման ժամկետների հստակեցման վերաբերյալ բանակցությունները, որոնք տեղի են ունենում Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Սավոլսկու եւ Վրաստանի փոխարտգործնախարար Մերաբ Անթաձեի ղեկավարած պատվիրակությունների միջեւ:

Ռուսական կողմն առաջարկում է ռազմակայանները դուրս բերել 2008թ. ընթացքում, իսկ վրացական կողմը` մինչեւ 2008թ. հունվարի 1-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG