Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի վարչապետ, կառավարող Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի որդին՝ 27-ամյա Տարոն Մարգարյանը անցած կիրակի մայրաքաղաքի Ավան համայնքում միաթեկնածու ընտրություններում ընտրվել է թաղապետի պաշտոնում:

Տարոն Մարգարյանին կողմ են քվեարկել ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 35 հազար 550 ընտրողների մոտ 42 տոկոսը, որոնց ճնշող մեծամասնությունը պաշտպանել է վարչապետի որդու թեկնածությունը: Դեմ քվեարկել են ընդամենը 324 ընտրողներ:

Տարոն Մարգարյանին սատարել է Հայաստանի հանրապետական կուսակցության տեղի կազմակերպությունը: Նրա հնարավոր մրցակիցները իրենց թեկնածությունը հանել էին առանց որեւէ բացատրության:

Ավանի բնակիչները երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին վստահեցնում էին, որ քվեարկությունն անցել է առանց միջադեպերի, խախտումներ չեն եղել:

Ընտրողներից շատերը ասացին, որ թեկնածուի մասին գիտեն ընդամենը, որ նա վարչապետի որդին է:

«Տեսնենք, ասֆալտից բացի ուրիշ ինչ լավություն կանի ժողովրդին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց միջին տարիքի մի ավանցի:

«Երեւի լավ կլինի», - ավելացրեց մեկ ուրիշը՝ փաստարկելով. - «Ջահել է»:

Ընտրողներից ոմանք դժգոհություն հայտնեցին, որ ընտրություն չեն ունեցել՝ վարչապետի որդին միակ թեկնածուն էր:

«Բայց դա ճի՞շտ բան էր մեկ հոգու թեկնածությունը դնելը», - ասաց միջին տարիքի մի տղամարդ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG