Մատչելիության հղումներ

Թբիլիսիում կշարունակվեն ռազմակայանների հարցով ռուս-վրացական բանակցությունները


Երկուշաբթի օրը Թբիլիսիում տեղի կունենան Վրաստանի տարածքից ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման ժամկետների շուրջ ռուս-վրացական բանակցությունները: Բանակցություններում Ռուսաստանը ներկայացնում է հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Սավոլսկին, Վրաստանը՝ փոխարտգործնախարար Մերաբ Անթաձեն:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն նախապես հայտարարել էր, թե այսօր սկսվող բանակցություններում Ռուսաստանից ակնկալում է նոր կառուցողական առաջարկներ ռազմակայանների դուրսբերման հարցում:

Նրա խոսքերով, մայիսի 13-ին Թբիլիսիին Մոսկվայի ներկայացրած փաստաթուղթը «հիմնական մոտեցումներով եւ որոշ հարցերում կարող է գոհացնել Վրաստանին»:

Հիմնական տարաձայնությունը Վրաստանից ռուսաստանյան երկու ռազմակայանների դուրսբերման հստակ ժամկետն է. Ռուսաստանը պնդում է, թե դրա համար կպահանջվի 4 տարի, իսկ Վրաստանը պահանջում է, որ դրանք դուրս բերվեն 2 տարվա ընթացքում:

Անցած շաբաթ Վարշավայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե «Ռուսաստանը ամեն ինչ կանի, որպեսզի Վրաստանում ապրող ռուսների կյանքին, ինչպես նաեւ ռազմակայանների ունեցվածքին եւ սպառազինություններին ոչինչ չսպառնա՝ եթե Վրաստանը որոշի կիրառել ռազմակայանների դուրսբերման մասին խորհրդարանի ընդունած բանաձեւը»:

Նշված բանաձեւը նախատեսում է, որ, եթե կողմերը այս հարցում համաձայնության չհանգեն, Վրաստանի արտգործնախարարությունը կդադարեցնի մուտքի արտոնագրերի տրամադրումը ռուսաստանցի զինծառայողներին, իսկ ռազմակայանների պարտքերը կձեւակերպեն որպես Ռուսաստանի պետական պարտք Վրաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG