Մատչելիության հղումներ

Թալիշները Հայաստանում քննարկում են իրենց պատմությանն ու մշակույթին վերաբերող հարցեր


Ուրբաթ օրը Ծաղկաձորում մեկնարկեց «Թալիշների պատմությունն եւ մշակույթը» եռօրյա գիտաժողովը, որի Հայաստանում անցկացումը արդեն իսկ քննադատության է արժանեցել Ադրբեջանում՝ գիտաժողովի մասնակիցներին որակելով «դավաճաններ»:

Երեւանի պետական համալսարանի Իրանագիտության ամբիոնի կազմակերպած գիտաժողովին մասնակցում են հիմնականում Ռուսաստանից ժամանած թալիշներ:

Մասնակիցների թվում է Թալիշների ազգային շարժման ներկայացուցիչ Ֆահրադին Աբբոսզոդան, ով, խուսափելով Ադրբեջանում քաղաքական հետապնդումներից, 10 տարի առաջ տեղափոխվել է Ռուսաստան՝ պահպանելով ադրբեջանական քաղաքացիությունը:

«Մամուլը, իշխանությունները [Ադրբեջանում] պարսավում են մեզ, թե դավաճաններ են, գնալու են Հայաստան, միավորվելու են հայերի հետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աբբոսզոդան՝ վստահեցնելով, որ գիտաժողովը զուտ գիտական խնդիրներ է քննարկելու:

Նրա փոխանցմամբ, Ադրբեջանում ներկայումս բնակվում է շուրջ 1,5 միլիոն թալիշ, որոնցից 300 հազարը՝ Բաքվում: Սակայն թալիշները, ում պատմական հայրենիքը ներկայիս Ադրբեջանի տարածքն է, նրա բնորոշմամբ, «ոչ մի իրավունք չունի այդ երկրում»: Ֆահրադին Աբբոսզոդայի վստահեցմամբ, Ադրբեջանում թալիշները զրկված են իրենց լեզվով գրականություն, մամուլ, ազգային դպրոց ունենալու հնարավորությունից: Արգելված է անգամ արտասահմանում տպագրված թալիշերեն գրքերը բերել Ադրբեջան:

Թալիշների իրավունքների համար պայքարող ակտիվիսստները, նրա խոսքերով, գրեթե բոլորը գործում են արտասահմանից:

«Մենք պայքարում են մեր ժողովրդի իրավունքների համար», - ասաց Աբբոսզոդան:

Բաքվի մտավախությունը ունի իր բացատրությունը. Ադրբեջանում ազգային փոքրամասնություն կազմող թալիշները ձգտում են ստեղծել ինքավար հանրապետություն: Նման փորձերը արդեն մի քանի անգամ ճնշվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից: 1993 թվականին, օրինակ, իրեն ինքնավար հանրապետություն հռչակած թալիշական պետությունը ընդամենը 3 ամսվա կյանք ունեցավ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG