Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը «արտասահմանյան երկրներում ազատության առաջընթացով» զբաղվող Վաշինգտոնի Միջազգային հանրապետական ինստիտուտում հայտարարեց, որ ժողովրդավարական հեղափոխությունները գալու են Կովկաս եւ Միջին Ասիա... Նաեւ զգուշացրեց հերթական հեղափոխությանը սպասողներին՝ մի՛ ակնկալեք, որ սպասվող փոփոխություններից հետո կյանքը միանգամից լավանալու է: Ճիշտ է, ԱՄՆ վարչախումբը, անցումային փուլում կաջակցի «նոր ժողովրդավարություններին»: Սակայն, ի դժբախտություն մեր ընդդիմադիրների, այդ օգնությունը լինելու է ոչ թե դոլարների, այլ իշխանության նոր, ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման տեսքով», - անդրադառնում է «Առավոտ» թերթը: - «Այստեղ են ասել՝ մի՛ սովորեցրեք ապրել, լավ է նյութապես օգնեք: Եթե ամերիկացիների օգնությամբ իշխանությունը պետք է մի խմբից վերցնեն եւ տան մեկ ուրիշի, ոչինչ չի փոխվի: Ժողովրդավարության աստիճանը՝ նույնպես»: «Եվ հետո՝ ի՜նչ ժողովրդավարություն, եթե իշխանությունները լինելու են ոչ թե սեփական ժողովրդի, այլ ամերիկացիների հսկողության տակ», - ամփոփված է «Առավոտ»-ում:

«Իրավունք» թերթի մեկնաբանն այսօր առանձնացնում է. - «Կասկածից վեր է, որ աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ ծագող դժգոհությունների ալիքը շատ մեծ է լինելու եւ հանգիստ կարող է ծառայել որպես հեղափոխության ձգան: Չպետք է անտեսել նաեւ սահմանադրական հանրաքվեն, որը, ըստ էության, կարող է վերածվել Ռոբերտ Քոչարյանի վստահության հանրաքվեի»: «Իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի արագացված զարգացումների դեպքում կարող է անգամ բանը չհասնել աշնանային ընտրություններին, եւ զանգվածային ընդվզումները կարող են սկսվել շատ ավելի վաղ», - նախանշված է «Իրավունք»-ում: Այս թերթում այսօր ներկայացված են նաեւ մի հարցման արդյունքներ՝ «Արդյո՞ք Հայաստանում պետք է իշխանափոխություն»: Համաձայն դրա, հարցվածների 54 տոկոսը անհրաժեշտ են համարում անհապաղ արմատական բարեփոխումներ՝ բայց առանց ցնցումների: 17 տոկոսի կարծիքով, իշխանափոխությունը պետք է լինի հերթական ընտրությունների ժամանակ: «Իշխանափոխություն պետք չէ, Աստված ավելի վատից ազատի», - ասել է հարցվածների 12 տոկոսը: 11 տոկոսն էլ հակված է իշխանափոխության՝ ամեն գնով:

«Այբ-Ֆե» թերթի խտացմամբ՝ ընդդիմության հանդիպումները մարզերում հստակորեն ապացուցում են մի բան. հասարակության զգալի մասը տարբեր պատճառներով անհաղորդ է քաղաքական իրավիճակին. - «Հոռետեսները հուսալքվել են ու թաղային ոստիկանի մի «հաթաթայից» հետո իրենք իրենց համոզում են, որ անիմաստ է փոփոխություն սպասել: Պասիվ զանգվածի մյուս մասը, որ արտաքուստ զգում է իր անզորությունն եւ անպաշտպանվածությունը, բայց չի ուզում դա ընդունել, իրեն ու հասարակությանը համոզում է. «Լավ, շատ վատ է, բայց որ սա գնա, ո՞վ է գալու»՝ այսպես արդարացնելով սեփական ոտնահարված իրավունքների համար պայքարի կամքի բացակայությունը»: «Ընդհանուր առմամբ, Հայաստանում շրջում է վախի ուրվականը», - պատկերավորված է «Այբ-Ֆե»-ում:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի հայացքով՝ երկրի ներքաղաքական կացության ապակայունացման առիթների տենդագին փնտրտուքը «իրականում սովորական սուրճի բաժակ նայող պարապ մարդկանց զբաղմունք է». – «Իսկ բուն իրականությունն այն է, որ սահմանադրական հանրաքվեին այսօր սպառնում է ոչ թե երկրի ներքաղաքական կացության ապակայունացման վտանգը, այլ ընդհակառակը՝ ժողովրդի կատարյալ պասիվությունը եւ որպես դրա հետեւանք՝ անհրաժեշտ քվորումի բացակայությունը»:

«Ե՞րբ եք դուրս գալու այս կառավարությունից եւ ե՞րբ եք պայքարելու հայրենիքի համար Ձեր պապերի նման» հարցին «Երկիր» թերթում ներկայացվող հարցազրույցում Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պատասխանում է. - «Մենք գիտենք, որ վարկանիշի իմաստով կորուստներ ունենք, սակայն միաժամանակ քաջ գիտակցում ենք, որ կառավարության մեջ մեր ներկայությամբ դեռ կարողանում ենք օգտակար լինել երկրին ու ժողովրդին»։ Գնահատելով Արցախի վերջին իրադարձությունները, հատկապես Դաշնակցություն – իշխանություն կապը, Հրանտ Մարգարյանը նշում է. - «Կուզեինք լինել իշխանության կողքին եւ ունենալ ներքին հարցերից զերծ, ազատագրված Արցախի մարտնչող իշխանություն, սակայն, ցավոք, այդպես չէ։ Հուսով ենք, որ ազատագրված Արցախի ժողովուրդը կազատագրվի նաեւ հոգեպես եւ իր քվեարկությամբ Արցախի համար կստեղծի զարգացման եւ արդարությամբ ապրելու հնարավորություն»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակցին երեկ «Արմենիա - Մարիոտ» հյուրանոցի բացօդյա սրճարանում հաջողվել է մի քանի հարց ուղղել մեկշաբաթյա այցով Հայաստանում գտնվող Քըրք Քըրքորյանին: «Այստեղ ամեն ինչ հիասքանչ է, ես պարզապես չէի կարող պատկերացնել, թե որքան գեղեցիկ է այստեղ», - ասել է վերջինս: Ինչ վերաբերում է այցի նպատակին, ամերիկահայ մեծահարուստ ասել է. - «Ես այստեղ ունեմ ընկերներ, որոնց այցելել եմ եւ, բնականաբար, հանդիպել եմ մեր նախագահի հետ»: «Ինչպե՞ս եք գնահատում «Լինսի» ծրագրի իրագործումը» հարցին ի պատասխան նա ասել է. - «Ես արդեն ասացի, ես պարզապես չեմ կարող պատկերացնել, թե ինչ հոյակապ արդյունքներ է այն տվել»: «Պատրաստվո՞ւմ եք արդյոք շարունակել ծրագիրը» հարցին էլ Քըրքորյանը առայժմ արձագանքում է. - «Կմտածենք»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG