Մատչելիության հղումներ

Վրացի ուսանողների բողոքի ցույցը Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանատան մոտ


Վրացի ուսանողները Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանատան մոտ անցկացրել են բողոքի ցույց, որի ընթացքում ոչնչացված պենոպլաստե հրասայլի մնացորդների վրա ծաղիկներ են դրել:

«Մենք ոչնչացրել ենք այսպես կոչված ռուսական հզորության խորհրդանիշը՝ հրասայլը, որը վրացիների արյուն է թափել նախ Թբիլիսիում 1989 թվականի ապրիլի 9-ին, ապա՝ Հարավային 0սիայում եւ Աբխազիայում», - «Ռոսբալտ» լրատվական գործակալությանը ասել է ուսանողներից մեկը:

Ուսանողները, գործակալության փոխանցմամբ, պահանջում են Վրաստանի տարածքից դուրս բերել ռուսաստանցի բոլոր զինծառայողներին, այդ թվում վրաց-աբխազական եւ վրաց-հարավօսական հակամարտությունների գոտիներում տեղակայված խաղաղապահներին:

Ուսանողները Վրաստանի ղեկավարությանը կոչ են արել ռազմակայանների դուրսբերման խնդրում չզիջել Ռուսաստանին եւ «ազատել երկիրը ռուսների զինվորական ներկայությունից»: Նրանք հայտարարել են, թե բողոքի ցույցեր են անցկացնելու այնքան ժամանակ, մինչեւ «ռուս վերջին զինվորը չհեռանա Վրաստանի տարածքից»:

Ռուսաստանի դեսպանատունը առայժմ որեւէ կերպ չի արձագանքել ցույցին:

Մայիսի 23-ին Ռուսաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների փորձագետները մեկնելու են Թբիլիսի, որտեղ վրացական կողմի հետ քննարկելու են Բաթումիից եւ Ախալքալակից ռազմակայանների դուրսբերմանն առնչվող տեխնիկական հարցեր: Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարելու է արտգործնախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Սավոլսկին, իսկ վրաց բանագնացների թիմը ղեկավարելու է երկրի արտգործնախարարի տեղակալ Մերաբ Անթաձեն:

Ըստ «Ռոսբալտ»-ի, կողմերի միջեւ նախնական համաձայնություն կա ռազմակայանները 3,5 տարվա ընթացքում դուրս բերելու մասին: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի 0կրուաշվիլին օրերս ասել է, թե «բանակցային գործընթացը չի կարող անվերջ ձգձգվել եւ պետք է ավարտվի երկու շաբաթից ոչ ուշ»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG