Մատչելիության հղումներ

«Նավթատարը «սառը ցնցուղ է» հակամարտությունը ուժային մեթոդներով լուծելու ջատագովների համար»


«Բաքու- Թբիլիսի - Ջեյհան նավթատարը եւս մեկ «սառը ցնցուղ է» Ղարաբաղի հակամարտությունը ուժային մեթոդներով լուծելու ջատագովների համար», - «Մոսկովսկիե նովոստի» թերթում նշում է դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, ով 1992-96 թվականներին ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչն էր:

«Մայիսի 25-ի տոնակատարությանը [նավթատարի բացման օրը] տեղին չի լինի խոսել Ղարաբաղի խնդրի ռազմական լուծման մասին», - ասել է Կազիմիրովը:

Անդրադառնալով Վարշավայում Եվրախորհրդի գագաթնաժողովի օրերին Քոչարյան - Ալիեւ հանդիպման արդյունքներին, նա փոխանցում է, որ Մինսկի խմբի համանախագահները չափավոր լավատեսություն են արտահայտել՝ նշելով, որ նախագահները վերահաստատել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հանձնառությունը:

Ինչ վերաբերում է արձագանքներին, ապա, Վլադիմիր Կազմիրովի դիտարկմամբ, դրանք հակասական են` հոռետեսությունից մինչեւ սենսացիոն վերնագրեր. «Ղարաբաղը հանձնվեց» կամ «Հայաստանը վերադարձնում է բոլոր յոթ շրջանները»:

«Վերջինի մասին հայերը ասում էին նաեւ պատերազմի ընթացքում», - ասել է Կազիմիրովը: - «Հարցն այն է, թե հակառակ կողմի ինչպիսի՞ զիջումների դիմաց»:

Նրա կարծիքով, երկու նախագահների ելույթները ցույց տվեցին, որ գլխավոր վիճահարույց հարցի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի շուրջ նրանց դիրքորոշումները «նախկինի պես անհամատեղելի են»:

Ղարաբաղի խնդրին նույն թերթի հարցազրույցում անդրադարձել է նաեւ Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին:

«Մեր կուսակցությունը հանդես է գալիս խաղաղ կարգավորման օգտին եւ հուսով ենք, որ ժողովրդավարական հնարավոր փոփոխությունները ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում, թույլ կտան այդ խնդիրը լուծել ավելի շուտ եւ ավելի դյուրությամբ, քան ներկայիս ավտորիտար ռեժիմների օրոք», - ասել է նա: - «Միջազգային փորձը, հատկապես Եվրոպայում, ցույց է տալիս, որ ժողովրդավարական երկրները միմյանց դեմ չեն պատերազմում: Ի վերջո մենք ստիպված կլինենք գտնել փոխզիջում եւ մենք այն կգտնենք»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG