Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մեր երկիրը Ամերիկայի համեմատ պարզապես դրախտ է», - համեմատում է այսօր «Առավոտ» թերթը՝ հետեւյալ առումով. - «Ինչ-որ բան ասել ցանկացող մեր քաղաքացիներին ուշադրության արժանանալու համար ամենեւին էլ պետք չէ օրենք խախտել: Ձերբակալվելու համար այլեւայլ խորամանկ միջոցների դիմելու հարկ էլ չկա: Մեզ մոտ եթե ցանկանում ես նկատվել, բավական է գործել հանրահավաքների, ցույցերի ազատության մասին օրենքի շրջանակներում, եւ քեզ անպայման կնկատեն եւ գուցե նաեւ ձերբակալեն: Եթե բախտդ բերի եւ քո դեմ հանեն մահակավոր ոստիկաններին ու ջրցան մեքենաները, ապա այս դեպքում արդեն կապահովվի հանրության ուշադրությունը, այն էլ՝ մի քանի ամսով... առանց առանձնապես լուրջ քայլ ձեռնարկելու: Ամենն անում են նրանք, ում դեմ հանրահավաք է կազմակերպվում»: «Առավոտ»-ի ամփոփմամբ, շուտով սպասվում է եւս մի նվեր՝ Ազգային ժողովում պատրաստվում են փոփոխություններ եւ լրացումներ մտցնել «Ժողովների, հանրահավաքների եւ ցույցերի անցկացման կարգի մասին» օրենքում. - «Եթե այն ընդունեն, ապա ընդդիմությանը սպասվում է իսկական հաղթարշավ: Քանի որ ընդդիմությունն այդ օրենքը, ինչպիսին էլ որ այն լինի, անպայման կատարելու է՝ իշխանություններին թողնելով այն խախտելու դժվարությունը»:

«Հայկական ժամանակ» թերթի ուրվագծմամբ, չմասնակցելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, «հայրենի ընդդիմությունը իշխանությունը կամավոր զիջում է այլոց, ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արթուր Բաղդասարյանի դրածոներին, եւ այս ֆոնին ավելի ու ավելի կասկածելի է դառնում Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու՝ ընդդիմադիր կուսակցությունների ունակությունը, որովհետեւ ընդդիմադիր լիդերներն անտարբեր հետեւում են, թե ինչպես են իշխանական լիդերները հետեւողականորեն ցեմենտում իրենց ոտքի տակը»: «Այսօր ընդդիմադիր կուսակցությունները բարդություններ են ունենում տեղերում մարդկանց հետ հանդիպում ունենալիս, ու սրա պատճառներից մեկն էլ այն է, որ իշխանական դրածոները, որոնք անարգել դառնում են գյուղապետ ու թաղապետ, հստակ կատարում են իշխանությունների հրահանգը` մարդկանց ահաբեկում են եւ սպառնում` ստիպելով խուսափել ընդդիմադիր կեցվածքի որեւէ դրսեւորումից», - շաղկապում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ինչպե՞ս կարող է իշխանափոխություն իրականացնել այն ընդդիմությունը, որը, ըստ էության, չունի ռեգիոնալ ուժեղ լիդերներ, որոնք գոնե ի վիճակի պիտի լինեն, ասենք, մարզերից մարդկանց հասցնել Երեւան»: «Եվ այսօր Հայաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հիշեցնում են մի մարմին, որը գլուխ ունի, սակայն չունի մարմին եւ վերջույթներ», - պատկերավորված է «Հայկական ժամանակ»-ում:

Համայնքապետի պաշտոնի պատրաստվող Տարոն Մարգարյանը՝ վարչապետի որդին, «168 ժամ» շաբաթաթերթի հարցազրույցում ասում է. - «Համոզված եմ, որ ես իմ աշխատանքով այդ պարտավորություններն ու պարտականությունները շատ պատշաճ ձեւով կկատարեմ ու դրանով կբարձրացնեմ իմ հեղինակությունը»: «Թաղապետ ընտրվելը համեստության նշան է» վերնագրի տակ Տարոն Մարգարյանը նշում է, որ եթե իր հայրը վարչապետ չլիներ, շատ հնարավոր է ինքը ավելի բարձր պաշտոններ զբաղեցներ: Ինչ վերաբերում է իր մղումներին, նա ձեւակերպում է. - «Իմ մեջ փոքր հասակից է եղել քաղաքականության եւ մեր ազգի մասին մտածելու կարողությունը»:

Անդրադառնալով վերջերս կոռուպցիայի հետ կապված՝ Հայաստանում արձանագրվող իրողություններին, «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը նշում է. - «Պարզվում է՝ մեր երկրում կարելի է բյուջեի տասներորդ մասը տակով անել եւ պետական մասշտաբի որեւէ սկանդալ չի լինի: Երկրին հասցված այդ հսկայական ֆինանսական վնասի համար պատժվելիք բարձրաստիճան պաշտոնյաներ չեն գտնվի: Ու դրանից էլ եզրակացության կհանգեն. պետք է շարունակել գողանալ՝ գտնելով նորանոր սողանցքեր»: «Գոլոս Արմենիի»-ում խտացվում է. - «Այս ընթացքով, մինչ իշխանությունները կշարունակեն, առանց որեւէ կոռուպցիոների ձեռք բռնելու, դրա դեմ պայքարի ինչ-որ ծրագրերի թղթեր թափ տալ միայն, հասարակական ու միջազգային կազմակերպությունները լիակատար վստահություն ձեռք կբերեն, թե կոռուպցիայի արմատները, այնուամենայնիվ, հայկական մենթալիտետի մեջ են»:

Արտահայտվելով Վարշավայում տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյան – Իլհամ Ալիեւ հանդիպումից հետո ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարների վերաբերյալ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «Հայոց աշխարհ» թերթում մասնավորապես ասում է. - «Հիմա ղարաբաղյան խաղաքարտի շահարկումը նախընտրական պայքարում Ադրբեջանի ներսում կարեւոր նշանակություն է ձեռք բերելու ե՛ւ իշխանությունների, ե՛ւ ընդդիմության համար։ Բայց դրան պիտի հանգիստ վերաբերենք։ Որովհետեւ մինչեւ ընտրությունների ավարտը Բաքվի դիրքորոշումներում էական փոփոխություններ չեն լինելու։ Այլ բան է, եթե ընտրությունների արդյունքում, որոշակի զարգացումների հետեւանքով, ստեղծվի միջին մի վիճակ, եւ ճեղքվածքներ առաջանան Ադրբեջանի քաղաքական համակարգում»։ «Եթե տեղի ունենա թեկուզ մասնակի իշխանափոխություն, եւ խորհրդարան գան նոր ուժեր, չի բացառվում, որ հնարավորություն ստեղծվի ավելի ազատ եւ փոխզիջումային մթնոլորտում քննարկել Ղարաբաղյան հարցի կարգավորումը», - ակնարկում է Գագիկ Մինասյանը։ - «Չունենալով պարտվողի բարդույթ, այդ նոր ուժերը կարող են գործող նախագահին պարտադրել գնալ կարգավորման իրական քայլերի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG