Մատչելիության հղումներ

logo-print

«Նախագահների վարշավյան հանդիպումը քաղաքական խթան է հետագա բանակցությունների համար»


ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը «շատ դրական է» գնահատում մայիսի 15-ին Վարշավայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ուղղակի բանակցությունների հերթական փուլը:

«Մեր կարծիքով, այն քաղաքական խթան դարձավ հետագա բանակցությունների համար: Դա շատ կարեւոր է: Բանակցությունները կշարունակվեն նախագահների քննարկմամբ ձեւավորված ուղղությամբ: Կաշխատենք մեր ջանքերը կենտրոնացնել նույն ուղղությամբ եւ հուսով ենք, որ հաջողության կհասնենք», - ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը ասել է Մերզլյակովը:

Ի պատասխան դիտարկմանը, որ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպումից հետո հանդես չեկան ամփոփիչ հայտարարությամբ, ռուսաստանցի դիվանագետը ասել է, թե դա «նախագահների իրավունքն է»:

«Դա չի նշանակում, թե նրանք ասելիք չունեն», - շարունակել է Մերզլյակովը: - «Ի տարբերություն նախորդ հանդիպումների, թերեւս, նրանք ասելիք ունեին, այդ պատճառով էլ որոշեցին ոչինչ չասել»:

Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է վերադարձնել գրավյալ 7 շրջանները, Մերզլյակովը ասել է. - «Դատելով նախարարի ասածից՝ նա այդքան որոշակի չի արտահայտվել. դա լրագրողական հնարք է: Ի՞նչ է նշանակում Հայաստանը պատրաստ է: Դիտարկվում է զորքերի դուրս բերման հարցը: Եվ հայկական կողմը կասկածի տակ չի առնում սկզբունքը, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող շրջաններից հայկական զորքերը դուրս են բերվելու: Բայց առայժմ, այսպես ասենք, չկա վերջնական պայմանավորվածություն պայմանների, դուրս բերման կարգի, ժամկետների, ընդհանրապես մանրամասների հարցում»:

Ռուսաստանցի դիվանագետի խոսքերով, զորքերի դուրսբերումը «վաղվա կամ մյուս օրվա հարց չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG