Մատչելիության հղումներ

«Վաշինգտոն Թայմզ»-ը հրապարակել է Էնտոնի Բարսամյանի նամակը


«Վաշինգտոն Թայմզ» թերթը երեկ հրապարակել է Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Էնտոնի Բարսամյանի նամակը՝ ի պատասխան Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի՝ «Հաշտեցնել հայերին եւ թուրքերին» հրապարակման:

«Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանը առնվազն անկեղծ չէ, երբ կրկին հնչեցնում է Հայոց ցեղասպանութունն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ստեղծելու՝ իր կառավարության առաջարկը», - գրել է Բարսամյանը: - «Դեսպանը քաջատեղյակ է, որ Հոլոքոստի եւ Ցեղասպանության հարցերով զբաղվող ավելի քան 120 գիտնականներ անվիճելի են հռչակել Հայոց ցեղասպանության փաստը»:

Բարսամյանը այնուհետեւ մեջբերել է Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնի՝ վերջերս հրապարակած ուսումնասիրության եզրակացությունից. - «Այսպիսով, կարելի է ասել, որ իրադարձությունները, ամբողջությամբ վերցրած, պարունակում են ցեղասպանութան հանցագործության բոլոր տարրերը, ինչպես այն [ցեղասպանությունը] սահմանված է [ՄԱԿ-ի «Ցեղասպանության մասին»] Կոնվենցիայում, եւ իրավաբանները, ինչպես նաեւ պատմաբանները, քաղաքական գործիչները, լրագրողները եւ այլոք արդարացիորեն կարող են շարունակել այդ իրադարձությունները բնութագրել որպես ցեղասպանություն»:

«Գիտնականներն ու իրավաբաններն իրենց խոսքն ասել են: Վաղուց ժամանակն է, որ Թուրքիան կանգնի պատմության դատաստանի առջեւ», - իր նամակն ավարտել է Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահը:

Անցած ամիս Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնապես մերժել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Թայիբ Էրդողանի առաջարկը՝ ստեղծել «երկու երկրների պատմաբաններից եւ այլ փորձագետներից կազմված խումբ, որը կուսումնասիրի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ երրորդ երկների արխիվները, եւ իր եզրահանգումները կներկայացնի միջազգային հանրությանը»՝ փոխարենը առաջարկելով առանց նախապայմանների նորմալ հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG