Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանները կոշտ կարձագանքեն ադրբեջանական ընդդիմության չարտոնված ցույցին


Բաքվի ոստիկանության քաղաքային վարչություն են հրավիրվել «Մուսավատ» եւ Դեմոկրատական կուսակցությունների, ինչպես նաեւ Ժողովրդական ճակատի ներկայացուցիչները: Այդ ընդդիմադիր կազմակերպությունները, որոնք աշնանը Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կազմել են ընտրական դաշինք, պատրաստվում են առաջիկա շաբաթ օրը՝ մայիսի 21-ին մայրաքաղաքում անցկացնել բողոքի ցույց:

Ոստիկանությունն ընդդիմությանը պաշտոնապես նախազգուշացրել է, որ միտինգի անցկացումը կտրականապես արգելվում է, քանզի քաղաքային իշխանություններն այդ միջոցառումը չեն արտոնել: Ըստ «Ռեգնում» գործակալության, ոստիկանները «Մուսավաթ»-ի, Դեմկուսի եւ Ժողճակատի ներկայացուցիչներին ասել են, որ չարտոնված ցույցի ընթացքում հնարավոր ընդհարումների համար պատասխանատվությունն ընդդիմությունն է կրելու:

Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Մագերամ Ալիեւը ասել է, որ ոստիկանությունն ուժով ցրելու է չարտոնված ցույցը:

Ընդդիմությունը, իր հերթին, հայտարարել է, թե, չնայած քաղաքապետարանի մերժմանը, չի հրաժարվի ցույցն անցկացնելու ծրագրից:

«Ռեգնում»-ը հաղորդում է նաեւ, որ Ադրբեջանի իրավապահներն այս օրերին շարունակում են ձերբակալությունները ընդդիմութան ակտիվիստների շրջանում: Մասնավորապես, կալանքի տակ են առնվել «Մուսավաթ»-ի շրջանային կազմակերպության նախագահն ու իր տեղակալը: Կուսակցությունն այդ ձերբակալությունները կապում է մայիսի 21-ին նախատեսված ցույցի հետ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG