Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ» թերթի խմբագիրը անդրադարձել է, որ չգիտի հարցի պատասխանը, թե ինչո՞ւ են այդչափ ոգեւորված ու ներքաղաքական պատերազմում առաջ գնալու բուռն ցանկությամբ տոգորված հեղափոխության մերօրյա զինվորները։ «Տեղի ունեցա՞վ արդյոք հասարակական-տնտեսական համակարգի փոփոխություն Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղըզստանում։ Անկասկած՝ ոչ», - շեշտադրում է խմբագիրը։ - «Դրանք ըստ էության հեղափոխություն էլ չէին: Տվյալ թավշե հեղաշրջումները ընդամենը էլիտաների փոփոխության ձեւ են հետխորհրդային տարածքում։ Ըստ որում, եթե տեսականորեն ընդունենք թավշե հեղաշրջման հնարավորությունը նաեւ Հայաստանում, ապա առանց սխալվելու չնչին իսկ հավանականության կարելի է կանխատեսել, որ ներկայիս իշխանական էլիտայի նշանակալի մասը հաստատ կպահպանի սեփական դիրքերն իշխանության մեջ։ Ուրեմն արժե՞ արդյոք դրա համար ելնել փողոցներ՝ ենթարկվելով ամեն կարգի տհաճությունների», - բխեցվում է «Հայոց աշխարհ»-ում։ Ինչ վերաբերում է իշխանական էլիտայի հենց այդ մասի ուղղությամբ ընդդիմադիրների մշտական ազդանշաններին, «Հայոց աշխարհ»-ի խմբագիրը սահմանել է. - «Թավշե հեղաշրջման կազմակերպիչները կարող են վստահորեն ապավինել էլիտաների դավաճանությանն ու չսխալվել սեփական հաշվարկներում։ Բայց միայն այն դեպքում, եթե նավն իսկապես սկսի խորտակվել։ Իսկ ներկայումս իրավիճակը ճիշտ հակառակն է», - վստահեցնում է խմբագիրը։

Այս ամսվա ընթացքում արդեն երկու անգամ՝ Իջեւանում եւ Գողթն գյուղում ոստիկանները փորձել են խանգարել Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավարի հանդիպումները մարդկանց հետ: Արդյո՞ք կոալիցիոն քաղաքական ուժերը չեն պատրաստվում հանդես գալ հերթական հայտարարությամբ, որն արդեն կլինի այն մասին, թե «քրեական տարրերից» բացի, նաեւ իրավապահները իրավունք չունեն խանգարել պատգամավորների, քաղաքական ուժերի եւ հասարակության հանդիպումները: «Առավոտ»-ի թղթակցի այս հարցին ի պատասխան Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ, պատգամավոր Ռուբեռ Հովսեփյանը նշել է. - «Ոստիկանների մեջ էլ կան մարդիկ, ովքեր «մորթապաշտ են, աշխատելու ձեւերը չգիտեն, որպեսզի վաղը-մյուս օրն իրենց վրա խոսակցություն չլինի, խնդիր չառաջանա, նրանք, իրենց կարծիքով, կանխարգելիչ քայլեր են կատարում... իրենք այդ վախից, մորթապաշտությունից կարող են եւ սխալներ անել, եւ անում են»: «Իսկ Կոալիցիայի մյուս երկու ուժերը՝ ՀՀԿ-ն եւ «Օրինաց երկիր»-ը մեր հարցին պատասխանելիս ընկան սարուձոր», - ի մի է բերում լրագրողը: Ամեն դեպքում, որեւէ նոր հայտարարության մտադրություն չի երեւում:

«Հայկական ժամանակ» թերթում այսօր պատկերավորված է. - «Եթե մենք դաշտ ենք դուրս եկել ֆուտբոլի հանրահայտ կանոններով ֆուտբոլ խաղալու համար, բայց որոշ խաղացողների թույլատրված է այդ ընթացքում բռնցքամարտի հնարքներ օգտագործել եւ չհեռացվել խաղից, եւ միեւնույն դաշտում գտնվող մյուսների մասնակցությամբ միասնության ակցիաներ կազմակերպել, դա արդեն ոչ թե միասնության շուրջպար է, այլ զանգվածային ստորացման ակցիա, որովհետեւ դու օգտագործելով ֆուտբոլի ժամանակ բռնցքամարտի եւ այլ մարտարվեստների հնարքներ կիրառելու քո հնարավորությունը` այդ հնարքներից տուժածներին ստիպում ես, որ նրանք քո դուդուկի տակ միասնության շուրջպար պարեն՝ արձանագրելով իրենց միասնությունը քեզ հետ, չնայած` բոլորն էլ հասկանում են, որ չի կարող միասնություն լինել արտոնյալ-հաբռգածի եւ թալանված-սովածի միջեւ»:

«Նոր-նոր ավարտված հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստից հետո հանկարծ պարզվել է, որ ռուս գործարարները լուրջ մտավախություն ունեն Հայաստանի տնտեսության ազատականացման եւ դրա մոնոպոլիզացման մասին, հետեւաբար եւ ռիսկ չեն անում ներդրումներ անել այն ձեռնարկություններում, որոնք Հայաստանն իր ունեցած պարտքի դիմաց հանձնել է Ռուսաստանին: Առհասարակ, այդ գործարքից կարծես ոչ ոք չի շահել», - իրար է բերում այսօր «Առավոտ» թերթի խմբագրականը: - «Ճիշտ է, Հայաստանը պարտքի տակից դուրս եկավ, սակայն իշխանությունների խոստումները, թե այս գործարքից հետո ներդրումները գետի պես կհոսեն եւ նոր աշխատատեղեր կբացվեն, չափից դուրս լավատեսական էին: Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա նրա կորուստներն էլ պակաս էական չեն: Հայաստանյան ձեռնարկությունները պարտքի դիմաց վերցրեցին Ռուսաստանի պետական չինովնիկները, այլ ոչ թե գործարարները: Նրանք էլ իրենց նեղություն չեն տվել ստուգել՝ արժե՞ սեփական պետության վզից մի նոր քար կախել՝ հայաստանյան ձեռնարկությունների տեսքով»: Իսկ «Ազգ» թերթում այսօր ամրագրված է. - «Ռուս գործարարները մեր տնտեսությունը ռիսկային են համարում: Հայաստանի հետ գործարար կապեր հաստատելու հարցում զգուշավորություն են ցուցաբերում: Նրանք հավատ չեն ընծայում ազատ մրցակցության հնարավորությանը Հայաստանում: Վախենում են, որ մենաշնորհ դարձած որոշակի ոլորտներ բաց չեն լինի նոր ներդրումների համար»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG