Մատչելիության հղումներ

Տնտեսական դատարանը «ամեն բան անում է օրենքի շրջանակում»


Հայաստանի տնտեսական դատարանում երեքշաբթի օրը կազմակերպված սեմինարում դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը հայտարարեց, թե քննվող գործերում Տնտեսական դատարանը ավելի շատ բարյացկամ է հարկային ծառայության, քան գործարարի նկատմամբ:

«Դատարանը ամեն բան անում է օրենքի շրջանակում», - հիմնավորեց Մանուկյանը:

2004 թվականի պաշտոնական վիճակագրության արդյունքներով, հարկային պետական ծառայությունը կատարած ստուգումների արդյունքում հարկային օրենքների խախտման 12 հազար ակտ է կազմել, եւ դրանցից 1455ի գծով դիմել է Տնտեսական դատարան՝ գումարի բռնագանձան հայցով։ Դատարանն այդ հայցերից 63-ը բավարարել է ամբողջությամբ, 57-ը՝ մասնակիորեն։

Ըստ դատարանի նախագահի, հարկային ծառայության հետ դատական վեճի ընթացքում գործարարը հաճախ պարտվում է, քանի որ չի կարողանում հիմնավորել պահանջը:

Այդուհանդերձ, անցյալ տարի ընդդեմ հարկային ծառայության գործարարները 274 հայց են ներկայացրել դատարան ու դրանցից 163-ում շահել են։

Այսօրվա սեմինարին մասնակցող դատավորներից մեկը, որ չցանկացավ նշել իր անունը, տրտնտջում էր, թե իրականում խոշոր բիզնեսը գերադասում է ոչ թե դատարանում լուծել վեճը, այլ, այսպես ասած՝ ներքին կարգով հարթել խնդիրը հարկային ծառայության աշխատակիցների հետ:

«Կոռուպցիա համակարգում կա այնքան, ինչքան կա ընդհանրապես պետության մեջ», - հայտարարեց Մանուկյանը՝ ավելացնելով, թե անկաշառ դատավոր ունենալու համար պետք է նրանց համար «արժանապատիվ կենսամակարդակ ապահովել»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG