Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Կիրակի երեկոյան Վարշավայում Հայաստանի ու Արդբեջանի նախագահների հանդիպումը կայացավ «տարօրինակ պայմաններում եւ ոչ ավանդական ֆորմատով: Բայց դրա ընթացքում տեղի չի ունեցել որեւէ արտառոց բան», - խտացնում է «Հայկական ժամանակ» թերթը: «Իրավունք» թերթի պատկերմամբ՝ ղարաբաղյան կարգավորման խնդիրը, որ «պայթյունավտանգ է ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Իլհամ Ալիեւի համար, լավագույն դեպքում, ընդամենը որոշ ժամանակով հետաձգվում է, բայց ոչ սառեցվում». - «Պարզ է, որ արտաքին, մեղմ ասած, ամենեւին էլ ոչ նպաստավոր միջավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանը եւ նրա մերձավոր շրջապատը «շունչ քաշելու» ցանկացած հնարավորություն փորձելու են օգտագործել առնվազն գոնե իշխանությունը իրենց համար ընդունելի իրավահաջորդին փոխանցելու համար, իսկ այդպիսին, ինչպես հայտնի է, կարծես թե համարվում է պաշտպանության նախարարը», - նշում է մեկնաբանը: - «Քարոզչամիջոցներում արդեն իսկ պարզորոշ երեւում է ժամ առ ժամ ավելի մեծ թափ հավաքող վարկաբեկման արշավն ընդդեմ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանի»: «Ինչ վերաբերում է հեղափոխական իրադարձությունների հնարավոր սցենարին, ապա հետխորհրդային տարածքի փորձը ցույց է տալիս, որ ինչքան ավելի ձգձգվում է հին էլիտաների հեռացման օբյեկտիվորեն հասունացած գործընթացը, այնքան ավելի կոպիտ ու բարբարոսական բնույթ են ստանում բուն հեղափոխական իրադարձությունները», - օրինաչափություն է տեսնում «Իրավունք»-ի մեկնաբանը:

Հանրապետական կուսակցության ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը «Իրավունք»-ի թղթակցի հետ զրույցում մտահոգություն է հայտնել, թե Հովիկ Աբրահամյանի առաջխաղացումը ներկայիս վարչապետ Անդրանիկ Մարգարյանին պաշտոնանկ անելու՝ որոշ ազդեցիկ իշխանական ուժերի ծրագրի առաջին փուլն է: Ըստ «Իրավունք»-ի աղբյուրի, վերջին օրերին նորից վերակենդանացվել է Անդրանիկ Մարգարյանին պաշտոնանկ անելու եւ այդ պաշտոնում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին նշանակելու հայտնի, մամուլում բազմիցս արծարծված ծրագիրը:

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը «Հայոց աշխարհ»-ի թղթակցին ասել է. - «Իշխանության որոշիչ հատվածը դուրս է վերահսկողությունից եւ պայմանական վարագույրի հետեւում ավելի մեծ ուժ կա, որ իրականում իշխում է երկրում եւ որի գործելակերպը մտահոգիչ է։ Այսօր իշխանության գլուխ կանգնած անձանց անձնական իշխանությունն էլ այնքան մեծ չէ։ Կա ձեւավորված, օրինական ձեւակերպում չունեցող մի բավական կուռ համակարգ, որը խոչընդոտում է երկրի զարգացմանը», - համոզված է Վազգեն Մանուկյանը։ «Ինչո՞ւ ընդդիմությունը չի մասնակցում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ փորձելով այս դաշտում ինչ-որ գործընթաց սկսել» հարցին ԱԺՄ նախագահը պատասխանել է. - «Այդ ընտրությունների մասին խոսելն անիմաստ է, որովհետեւ դրանք լոկալ ընտրություններ են, ուր տեղական կլանների խուժանական եւ իշխանության առանձին թեւերի դիրքերն ամրապնդելուն միտված բախումներ կլինեն։ Այդ մակարդակում ժողովրդավարության խնդիրներ չեն լուծվում, եթե չի հաջողվել գործնական արդյունք ապահովել խորհրդարանական կամ նախագահական ընտրություններում։ Դեռ կտեսնենք, թե այս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քանի կրակոց կլինի, ովքեր կբախվեն իրար»։ «Ընդդիմության համար այս խաղին մասնակցելը իմաստ չունի», - նշում է ԱԺՄ նախագահը՝ ամփոփելով. - «Այսօր ես կարճատեւ ու սրընթաց զարգացումներ չեմ սպասում։ Հասարակության մեջ գնում է ուժերի կուտակման բավական խոր պրոցես... Իսկ լիդերի հետ կապված խնդիր կառաջանա, եթե լինեն ընտրություններ կամ՝ իրական փոփոխությունների հանգեցնող հեղափոխական շարժում»։

«Իսլամ Քարիմովը իր երկրի իսլամիստական հեղափոխականների հետ հաշիվները մաքրում է շատ կոշտ, դիկտատորին հատուկ միջոցներով... Նա ընդմիջեց (կամ դադարեցրեց) ԱՊՀ տարածքում հեղափոխությունների շքերթը՝ դրան հակադրելով կոշտ ուժ, ինչով եւ ստեղծեց նախադեպ», - անդրադառնում է «Առավոտ» թերթը՝ միաժամանակ համադրելով. - «Եթե գործող ռեժիմի դեմ դուրս գար քաղաքակիրթ, արեւմտամետ ընդդիմություն, համաշխարհային հանրության վերաբերմունքը ուզբեկ իշխանությունների գործողությունների հանդեպ լրիվ այլ բովանդակության կունենար: Այդ իսկ պատճառով Քարիմովի ձեռքերն ազատ են: Այսինքն՝ որպեսզի արեւմտյան պատրոններն աչք փակեն ընդդիմությունը կրակոցներով ոչնչացնելու փաստի վրա, անհրաժեշտ է այդ ընդդիմության կազմում ունենալ «Ալ-Ղաիդայի» ահաբեկիչներին կամ իսլամական այլ արմատական խմբավորումների անդամների: Մեզ մոտ նույնիսկ Արշակ Սադոյանն այդ դերին «չի քաշում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG