Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը կրկին մեղադրվում է ընդդիմության հանրահավաքը խանգարելու մեջ


Կոտայքի մարզի Գողթ գյուղում ընդդիմադիր Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) հանրահավաքը երկուշաբթի օրը խափանվեց՝ տեղի բնակիչների պնդմամբ, ոստիկանության ջանքերով:

Երբ հետկեսօրին ՀԺԿ նախագահ, ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը ժամանեց Գողթ, միայն գյուղի կենտրոնում հավաքված ծերունիներն ու պատանիները մոտեցան նրան:

«Վախի նշան է ընդամենը», - հավաքվածներին ասաց Դեմիրճյանը: - «Մեծ վախի նշան է այն իշխանության, որը հոգեվարգի մեջ է»:

«Սա ցույց է տալիս, որ իշխանությունը միայն ոստիկանության ուժերով փորձելու է խանգարել [ընդդիմադիր ուժերի] որեւէ հանդիպում ժողովրդի հետ», - իր հերթին ասաց ՀԺԿ ղեկավար անդամ Ստեփան Զաքարյանը:

Գյուղացիների վկայությամբ, իրենց մի քանի ժամ առաջ արդեն սկսել էին հեռացնել գյուղապետարանի առջեւի հրապարակից:

«Մեր բաժնի ոստիկանները չեն թողնում», - պնդեց գյուղացիներից մեկը՝ ավելացնելով. - «Ի՞նչ կարող ենք անել»:

«Ազատ, անկախ երկիր է մեր երկիրը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մի տարեց գողթեցի: - «Դու ի՞նչ գործ ունես, օրգանի աշխատող, եկել ես: Մարդիկ [ընդդիմադիրները] եկել են՝ կխոսեն-կգնան»:

Գողթի գյուղապետ Աշոտ Հակոբյանը հերքեց համագյուղացիները պնդումները՝ ասելով, թե հանրահավաքը արտոնված է: «Ոստիակնությունը թույլ է տալիս [հանրահավաք անցկացնել]», - պնդեց նա: Հարցին էլ, թե ինչո՞ւ է գյուղ եկել Գառնիի ոստիկանապետը, պատասխանեց. - «Ինքը հաճախ գյուղերով շրջում է»:

«Իմ տարածքն է, եկել եմ աշխատում եմ», - իր հերթին լրագրողներին ասաց Գառնիի ոստիկանապետ Մանվել Անդրեասյանը՝ ավելացնելով. - «Մի խանգարեք»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG