Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ» թերթը ներկայացնում է «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի հաշվարկները, թե Հայաստանում արմատական վերափոխումների կողմնակիցները կարող են կազմել առավելագույնը 10-15 տոկոս, իսկ դա «մեծ թիվ չէ հեղաշրջում անելու համար»: «Մի երկիր, որտեղ տարեկան 1-1,5 մլրդ տրանսֆերտներ են մտնում, որի բնակչության կեսից ավելին արդեն ի վիճակի է կարգավորել իր նվազագույն սոցիալ-տնտեսական հարցերը, այնքան էլ հարմար «օբյեկտ» չէ թավշյա հեղափոխություն իրականացնելու համար», - ասում է Ահարոն Ադիբեկյանը: - «Մեզանում չի աշխատում եւ երիտասարդության գործոնը. նրանց 34 տոկոսը գտնում է, որ երկրում սոցիալական արդարություն կարելի է հաստատել կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը բարելավելու, 27,6 տոկոսը՝ Ազգային ժողովում արդյունավետ օրենքներ ընդունելու միջոցով»: Իսկ «միտինգային դեմոկրատիան» իշխանությունների վրա ներգործելու միջոց է համարում հարցվածների ընդամենը 17 տոկոսը:

«Գոլոս Արմենիի» թերթում այսօր փաստեր են ներկայացված, թե ինչպես են պաշտոնյաները, աղքատության հաղթահարման ռեկորդային տեմպեր մատուցելով, «կեղծ թվերով փորձում սքողել Հայաստանում աղքատության իրական պատկերը»: «Եվ հենց այդ մոտեցումն է փաստացի ցույց տալիս աղքատության դեմ պայքարին հայրենի իշխանության վերաբերմունքը», - ընդգծում է մեկնաբանը:

«Ինչքան էլ որ չես ուզում հավատալ, որ մեր բանկերը ժողովրդի ձեռքից ԱՄՆ դոլարները հավաքում են, որ հետո ավելի թանկ գնով նույն ժողովրդի վրա «սաղացնեն», փաստը մնում է փաստ... Երեկ Տիգրան Մեծի պողոտայի աջ եւ ձախ մասերում գործող տարադրամի փոխանակման 26 կետերից որեւէ մեկում մեզ չհաջողվեց գնել ԱՄՆ դոլար», - մատնանշում է «Ազգ» թերթի մեկնաբանը: - «Մեր պաշտոնյաները չքմեղանում են, թե՝ խուճապի մի մատնվեք, դա ժամանակավոր բնույթ է կրում, մինչդեռ ամեն քայլափոխի հակառակ պատկերն ես տեսնում»:

«Ձերբակալված մաքսավորի, հարկային տեսուչի կամ կադաստրի պետի մասին մենք առայժմ չենք լսել: Մաքսային միջին պաշտոնյան հազարապատիկ ավելի լավ է ապրում, քան համալսարանի պրոֆեսորը (չնայած նույն աշխատավարձն է ստանում), բայց երբեք չի բռնվում: Ինչո՞ւ մեր երկրում կոռուպցիայի մեղադրանքով չեն ձերբակալում դատավորների եւ ոստիկանների, նախարարների եւ թաղապետերի, ինչո՞ւ են բոլորը, այդ թվում եւ քաղաքապետարանի չինովնիկները, անընդհատ խոսում հողերի ապօրինի վաճառքի եւ ապօրինի շինարարության թույլտվությունների մասին, սակայն մինչ օրս այդ բնագավառից որեւէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել». - «Առավոտ» թերթի պատասխանը պարզ է. - «Այս ոլորտի կաշառակերները, որպես կանոն, սերտ եւ փոխշահավետ համագործակցում են ամենաբարձր օղակների հետ, հետեւապես համարյա ոչ ոք չի հանդգնի նրանց ապօրինությունները ջրի երես հանել»: «Այնպես որ, ավելի լավ է խոսել բուհական կոռուպցիայի մասին: Այդպես ավելի անվնաս է», - միտում է արձանագրում «Առավոտ»-ը:

ՀԺԿ-ում վերջերս հնչող դժգոհություններին ի պատասխան, թե ինչու ընդդիմադիր դաշինքի մյուս ղեկավարները չեն բարձրաձայնում, որ «ամենաառաջնորդը» Ստեփան Դեմիրճյանն է, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը «Առավոտ»-ի թղթակցին ասել է. - ««Հանրապետություն» կուսակցության համար լիդերն Արամ Զավենի Սարգսյանն է: Քաղաքական դաշտում, մեր կարծիքով, հենց նա կարող է համախմբել հասարակությանը եւ դեմոկրատական հեղափոխության միջոցով որակապես նոր իշխանության ձեւավորման հայտ ներկայացնել: Նախորդ ընտրությունների հետ կապված գործընթացն ավարտվել է, հիմա մենք թեւակոխել ենք նոր փուլ: Յուրաքանչյուր փուլ ունի իր քաղաքական օրակարգն ու առաջնորդները»: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն էլ չի պատրաստվում արձագանքել, քանի որ, ըստ նրա, նման խոսակցություններ ցանկացած կուսակցությունում էլ լինում են եւ միանգամայն բնական են: «Մի փնտրեք ինտրիգ այնտեղ, որտեղ չկա», - ասել է նա «Առավոտ»-ի թղթակցին:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG