Մատչելիության հղումներ

Վարշավայում կայացել է Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպումը


Կիրակի երեկոյան Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը:

«Հանդիպումը բաղկացած է եղել երկու մասից: Առաջին մասին՝ մոտ կես ժամ տեւողությամբ, մասնակցել են Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Միշել Բարնիեն, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը:

Նրա խոսքերով, այնուհետեւ երկու երկրների նախագահները հանդիպել են «դեմ առ դեմ», հանդիպումը տեւել է մոտ երկու ժամ: Հանդիպումից հետո նախագահները մամուլին որեւէ տեղեկություն չեն հաղորդել:

Ինչ վերաբերում է կոնկրետ պայմանավորվածություններին եւ քննարկումներին, Համլետ Գասպարյանը հրաժարվեց մանրամասներ հաղորդել՝ նշելով, որ բանակցությունների մասին որեւէ տեղեկություն չունի, քանի որ դրանք եղել են դռնփակ:

Համլետ Գասպարյանը նաեւ տեղեկացրեց, թե մայիսի 14-ին Կրակովում Հայաստանի արտգործնախարար Օսկանյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

«Քննարկման առարկա է եղել բանակցությունների ներկա փուլի հարցերի մի խումբ՝ Պրահայի գործընթացի շրջանակներում: Մեր արտգործնախարարի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ նախորդել է նախագահների հանդիպմանը», - նշեց Գասպարյանը:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG