Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մեր պալատական հեռուստատեսությամբ պարբերաբար ցուցադրում են, թե ինչպես է երկրի ղեկավարը ժամանակ առ ժամանակ իր աշխատասենյակում ընդունում հարկահավաքներին, մաքսավորներին, բանկիրներին եւ այլն, ու նրանց համապատասխան հանձնարարություններ տալիս: Վերջերս, օրինակ, նա հանդիպեց բանկային համակարգի աշխատակիցներին, որոնց հետ քննարկեց արտարժույթի տատանումների խնդիրը եւ դրանից բխող, այսպես ասած, բացասական երեւույթները, ինչպես օրինակ` ստվերային շրջանառության մեծացումը: Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, որ իր ունեցած տեղեկատվությամբ՝ որոշ բանկեր, համագործակցելով փոխանակման կետերի հետ, նպաստում են ստվերային շրջանառությանը, եւ եթե այդ տեղեկությունը հաստատվի, տվյալ բանկը լուրջ անախորժություններ կունենա: Բայց սովորաբար ամեն ինչ տեղի է ունենում այդ ռեպորտաժներում արտահայտված բարի ցանկություններին ճիշտ հակառակ ձեւով», - արձանագրում է «Առավոտ» թերթը: - «Այդպես պատահեց թեկուզ հարկահավաքների հետ նախագահի հանդիպումից հետո, երբ վերջիններս, նախագահականից դուրս գալով, գնացին ոչ թե ստվերային տնտեսության շնաձկների դուռը (ո՞վ է կյանքից ձեռք քաշել), այլ շարունակեցին է՛լ ավելի մեծ եռանդով փող կորզել միջին եւ մանր ձեռնարկատերերից»: «Այ, երբ ստվերում աշխատող որեւէ մեծահարուստի ստիպեն հարկեր վճարել իր իրական եկամուտներից կամ մաքսատուրք մուծել իր բերած ապրանքին համապատասխան, թող դա ցույց տան հեռուստատեսությամբ այնքան մանրամասնորեն», - եզրափակված է «Առավոտ»-ում:

«Օր չի անցնում, որ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան չդժգոհի ստվերային տնտեսության մեծ ծավալներից։ Իսկ ի՞նչ է ստվերային տնտեսությունը, եթե ոչ երկակի չափանիշերի համակարգի կիրառման հետեւանք», - ընդգծում է այսօր «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը։ - «Երկակի չափանիշերի համակարգը հնարավորություն է տալիս իշխանությանը վերահսկել ե՛ւ բարձրագույն չինովնիկությանը, ե՛ւ մարզպետներին, ե՛ւ օլիգարխներին։ Վերահսկման տվյալ համակարգի շրջանակներում գործնականում բացառվում է, որ բարձր պաշտոններ «ստանան» անձինք, ում վերաբերյալ լուրջ կոմպրոմատ չկա», - կապակցում է մեկնաբանը։ - «Քաղաքացիներն էլ կորցնում են արդարության հանդեպ հավատը, ինչը բարձրացնում է հասարակության քրեական մենթալիտետն ընդհանրապես»։

«Երկիր» թերթի անդրադարձում բնորոշվում է. - «Մեր շուկայում աշխատող ընկերությունների մեծամասնության համար իրենց համբավը, դատելով վճարած հարկերի քանակից, ամենեւին էլ առաջնային նշանակություն չունի: Կարեւորը ամեն գնով գերշահույթ ստանալն է, մեծ մասամբ՝ օգտվելով օրենքների ստեղծած սողանցքերից: Նույնիսկ խոշոր գործարար եւ օրենսդիր ներկայացող տնտեսավարողներից ոմանք չեն խորշում, օգտվելով իրենց իսկ ընդունած օրենսդրության սողանցքերի հնարավորություններից, ընկերությունները գրանցել դրսի օֆշորային գոտիներում ու այդ կերպ խուսափել շահութահարկ վճարելուց»:

«Իզուր տեղը չեղած տեղից քո համար պրոբլեմներ մի ստեղծի», - իր պաշտոնավարման հնգամյակին նվիրված ասուլիսի ժամանակ երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին խորհուրդ տվեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, երբ վերջինս փորձեց պարզել, թե վարչապետի հնգամյա պաշտանավարումը ինչքանով է նպաստել նրա որդու՝ Տարոն Մարգարյանի մի քանի միլիոնանոց ունեցվածքի ձեւավորմանը: «Հայկական ժամանակ»-ն այսօր արձագանքում է. - «Կարծում ենք, այս ունեցվածքը Մարգարյանի համար պրոբլեմներ կստեղծի: Հետագայում»:

Իր հայտարարագրում նշված անշարժ գույքի հետ կապված որոշ ճշտումներ է «Հայոց աշխարհ» թերթում անում վարչապետի որդի Տարոն Մարգարյանը. - «Հիշատակված բնակարաններից մեկը համատեղ սեփականություն է, այսինքն՝ կնոջս սեփականությունն է։ Մյուսը՝ իմ ընտանիքի տունն է, որի համասեփականատերերից մեկն էլ ես եմ։ Վերջապես երրորդն իմ բնակարանն է։ Ավանի ունիվերսամի հետ ընդհանրապես առնչություն չունեմ։ Գուցե 400 քմ տարածքը տպավորիչ է հնչում, բայց դա ընդամենը 20 մ x 20 մ չափերով մի փոքր հողակտոր է», - ասում է վարչապետի որդին՝ դժգոհելով նաեւ, թե «առանց մրցակցի պայքարելը ավելի բարդ է»։

«Իրավունք» թերթի հարցազրույցում նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ասում է. - «Ներկայիս կրիմինալը տարբերվում է նախորդներից. այսօր նրա գործունեության ծավալներն են անհամեմատ մեծացել, ու նաեւ այն միախառնվել է իշխանությանը: Դրա պատասխանատուն միանշանակ Ռոբերտ Քոչարյանն է»: Մյուսները, այդ թվում Սերժ Սարգսյանը, ըստ Արամ Սարգսյանի՝ «առանց բացառության, շարքային կատարողներ են»: «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը իրենց համագումարում նշել էր, թե իշխանական կուսակցություններից մեկն էլ կարող է մասնակցել հեղափոխությանը: Այսօր «Իրավունք»-ի հարցազրույցում ավելացնում է. - «Հաստատ երկուսը կմասնակցեն: Գուցե երեքն էլ...»:

«Բուշի «թբիլիսյան դիրեկտիվները» շատ բան են կանխորոշելու եւ Հայաստանի կյանքում», - գրում է «Իրավունք»-ի մեկնաբանը: - «Արդեն իսկ պարզ է, որ տարածաշրջանում երկու գերտերությունները՝ Ամերիկան եւ Ռուսաստանը գործելու են բավականին փոխհամագործակցված»: Այստեղ դիտարկում կա նաեւ, թե «ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի շեշտակի իշխանամետ կեցվածքը, ինչի վրա այդքան ուրածանում է իշխանական քարոզչամեքենան, եւ Սերժ Սարգսյանի հետ ցուցադրական ջերմ հարաբերությունները կարող են լինել ոչ այլ ինչ, քան ամերիկյան հսկողության տակ Հայաստանում առկա վարչական, ուժային ու քրեական ռեսուրսը պահելու միջոց կամ, այլ կերպ ասած, յուրահատուկ «զսպաշապիկ» քրեածին իշխանության համար»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG