Մատչելիության հղումներ

Քոչարյան - Էրդողան հանդիպման վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն առայժմ չկա


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հինգշաբթի օրը ասաց, որ առայժմ որեւէ պայմանավորվածություն չկա գալիք շաբաթ Վարշավայում Եվրախորհրդի գագաթնաժողովի օրերին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հնարավոր հանդիպման վերաբերյալ:

«Այս պահի դրությամբ որեւէ պաշտոնական դիմում հանդիպման [վերաբերյալ] որեւէ մեկի կողմից չի եղել՝ ոչ թուրքերի, ոչ էլ որեւէ այլ միջնորդի կողմից», - ասաց Վարդան Օսկանյանը: - «Այնպես որ դրանք մնում են մամուլի քննարկումներ եւ առաջարկություններ»:

«Եթե Թուրքիան իր նախապայմանները հանի եւ քննարկի հարաբերությունների նորմալացում, սահմանների բացում՝ առանց նախապայմանների, կենտրոնանա միայն երկկողմ հարաբերությունների վրա եւ մեր երկկողմ հարաբերությունները չկապի մի երրորդ երկրի հետ, ես կարծում եմ, որ առաջընթացի շատ լուրջ հեռանկարներ կարող են բացվել՝ եթե այդպիսի հանդիպում լինի եւ եթե Թուրքիան նման դիրքորոշում ցուցաբերի», - շարունակեց Վարդան Օսկանյանը:

Վարշավյան գագաթնաժողովին չի նախորդի նաեւ Օսկանյան – Մամեդյարով հանդիպում: Հայաստանի արտգործնախարարը փոխանցեց, որ մայիսի 14-ին լեհական Կրակովում կհանդիպի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Վերադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը, Վարդան Օսկանյանը ասաց. - «Այն օրակարգային հարցերը, որ պրահյան պրոցեսում քննարկվում են այս մեկ տարվա ընթացքում՝ բոլոր տարրերը կլինեն սեղանի վրա. կարգավիճակից սկսած՝ մինչեւ անվտանգության խնդիրներ»:

Նա ասաց, որ որեւէ փաստաթուղթ Մինսկի խմբի համանախագահների կողմից նախագահների առաջ չի դրվելու:

«Դեռ ուղղակի պրոցեսը այդ փուլում չէ, որ փաստաթուղթ ծնվի», - պարզաբանեց Հայաստանի արտգործնախարարը:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG