Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Չնայած իշխանությունների երդումներին, թե կոալիցիայի ներկայացրած սահմանադրական բարեփոխումների նախագիծը իրական հակակշիռների մեխանիզմներ է ստեղծում իշխանության թեւերի միջեւ, կոալիցիայի ներկայացրած նախագծից, որը երեկ ընդունվեց առաջին ընթերցմամբ, նման բան եզրակացնելու համար մեծ երեւակայություն է պետք ունենալ: Փոխարենը, միանշանակ կարելի է ասել, որ եթե գործող Սահմանադրությամբ երկրի նախագահը օժտված է հսկայական լիազորություններով, ապա կոալիցիայի առաջարկած տարբերակով մենք ստանալու ենք ոչ թե ընդամենն ուժեղ, այլ սուպերնախագահ», - ձեւակերպել է «Հայկական ժամանակ» թերթը: «Թե այս անգամ մեր իշխանություններն ինչ կերպ են պատրաստվում ֆռռացնել եվրոպացիներին, պարզ չի: Սակայն կոալիցիայի պատգամավորներից մեկը լրագրողներին խորհուրդ տվեց առանձնապես չանհանգստանալ ու բնավ չկասկածել մեր իշխանությունների հնարամտության վրա», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը:

«Այսօր լրանում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնավարության 5-րդ տարին: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ հաջորդ հինգ տարիներին նրա պաշտոնի անունը կփոխվի եւ կդառնա մինիստրների սովետի նախագահ», - զուգահեռվում է «Հայկական ժամանակ»-ում: - «Հայաստանում շրջում է բոլշեւիզմի ուրվականը. Մարգարյանը ժամանակին միաթեկնածու ընտրություններով հայտնի բոլշեւիկյան ռեժիմի դեմ պայքարել է, դրա համար բանտ է նստել ու համարվում է խորհրդային ժամանակների քաղաքական բանտարկյալ: Իսկ այսօր, փաստորեն, ակնարկում է, որ միաթեկնածու ընտրությունները այսուհետ Հայաստանում դառնալու են ավանդույթ»: Իսկ թե ինչու նրա որդու դեմ որեւէ մեկը թեկնածությունը չդրեց՝ «Հայկական ժամանակ»-ում մատնանշվում է. - «Նման հարց կարող էր առաջանալ նաեւ խորհրդային տարիներին, որովհետեւ այն ժամանակ էլ օրենքները թույլ էին տալիս մի քանի թեկնածուներով ընտրություններ, բայց արդյունքում միշտ լինում էր միաթեկնածու»:

Վարչապետի որդու նախընտրական շտաբի պետ, Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Հայոց աշխարհ» թերթում ասում է. - «Եթե նրա հավանական մրցակիցները որոշեցին խնայել իրենց ֆինանսական միջոցները, հարվածի տակ չդնել հեղինակությունը, դրանում որեւէ արտառոց բան չեմ տեսնում»։ Գագիկ Մելիքյանը կարծում է նաեւ, որ Ավան համայնքի հաջորդ ընտրություններում նույնպես Տարոն Մարգարյանը նորից կլինի թաղապետի միակ թեկնածուն։

«Հհշական մամուլը վերջերս խաչակրաց արշավանք է սկսել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսի դեմ», - ձեւակերպում է «Հայոց աշխարհ» թերթը՝ բացատրելով. - «Որովհետեւ նա բանսարկություններ ու դավադրություններ կազմակերպելու, մի ձեռքում` հեղափոխության դրոշը, իսկ մյուսում փողերով լի պարկը պահելու փոխարեն, հավասար հարաբերություններ է պահպանում ե՛ւ իշխանությունների, ե՛ւ ընդդիմության հետ, չգիտես ինչու, չի միջամտում մեր երկրի ներքին գործերին»: Հեղափոխականության թեմայով «Ազգ» թերթի մեկնաբանը այսօր առանձնացրել է. - «Մայիսի 10-ին Թբիլիսիում Միացյալ Նահանգների եւ Վրաստանի նախագահներն էլ ավելի ակնառու դարձրին վրացական սցենարը տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում տարածելու հավանականությունը: Ընդհանուր առմամբ Բուշի Վրաստան կատարած այցից տպավորություն էր ստեղծվել, որ ԱՄՆ նախագահը հենց կովկասյան այս հանրապետության օրինակով է փորձելու վերջ դնել ավտորիտար վարչակարգերին»:

«Երեկ ՀԺԿ Կենտրոն տարածքային կազմակերպության հետ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի հանդիպման հիմնական թեման իշխանափոխության անհրաժեշտության հետ հավասար նաեւ դաշինքում առկա հակասություններն էին: ՀԺԿ-ականներին մասնավորապես դուր չի գալիս, որ «Արդարություն» դաշինքում ընդգրկված կուսակցություններից շատերը փորձում են իրենց շրջանցելով՝ սեպարատ գործունեություն ծավալել: Եվ «Արդարություն» դաշինքի մայր կուսակցությունը սկսել է այս կապակցությամբ իր դժգոհությունը բարձրաձայն արտահայտել», - ուշադրություն է հրավիրում «Հայկական ժամանակ»-ը: «168 ժամ» շաբաթաթերթում էլ այսօր ընդգծված է. - «Հավաքում հնչած ելույթներում այս անգամ ավելի շատ քննադատվում էին «Արդարություն» դաշինքի անդամ կուսակցությունները, քան իշխանությունները, ինչը դահլիճի կողմից ընդունվում էր նույն ոգեւորությամբ»:

«Այն բանից հետո, երբ Հայաստանից միջազգային չվերթեր իրականացնելու մենաշնորհը տրվեց «Արմավիա»-ին, տպավորությունն այն է, թե այս ընկերության միակ նպատակը ինքնաթիռները «սաղ-սալամաթ» տեղ հասցնելն է», - անդրադառնում է «168 ժամ»-ը: - «Թե կոնկրետ որտեղ՝ էական չէ. ինքնաթիռները կարող են իջնել առաջին պատահած օդակայանում՝ լրացուցիչ «պասաժիր» վերցնելու կամ որեւէ բան նորոգելու համար: Մի խոսքով, այս ավիաընկերության գործունեության միակ դրական արդյունքն այն է, որ Հայաստանում ոչխարաբուծությունը զարգանում է, որովհետեւ յուրաքանչյուր ուղեւոր բարով-խերով տեղ հասնելուն պես իր պարտքն է համարում մատաղ անել»: «168 ժամ»-ը մեջբերում է մասնավորապես Երեւան – Փարիզ չվերթի ուղեւորներին. ամեն անգամ նրանք վախենում են, որ դա իրենց վերջին վայրէջքն է լինելու:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG