Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում հայտարարված տագնապի պատճառը օդաչուների անփորձությունն էր


Ինչպես տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները, չորեքշաբթի օրը Սեպտեմբերի 11-ից հետո առաջին անգամ տագնապ էր հայտարարվել Միացյալ Նահանգների մայրաքաղաքում: Տեղական ժամանակով 11:28-ին Վաշինգտոնում Կոնգրեսի շենքը հսկող օդային ուժերի ռադարները Կապիտոլիումից 33 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել էին ԱՄՆ օրենսդիր մարմնի շենքի ուղղությամբ թռչող մի օդանավ:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ Կոնգրեսի բոլոր սենյակներում գտնվող հատուկ սարքերը անմիջապես ազդարարել են տագնապի ազդանշան, իսկ հատուկ ծառայությունները բարձրախոսներով տեղեկացնում էին, թե դա սովորական փորձական տագնապ չէ, այլ «ուղղակի սպառնալիք»:

Սպիտակ տանը տագնապի մակարդակը անմիջապես բարձրացվեց առավելագույնի՝ կարմիրի: Կառավարական շենքերից զրահապատ մեքենաներով դուրս բերվեցին բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին: Իսկ ներկա եւ նախկին առաջին տիկիններ Լորա Բուշը եւ Նենսի Ռեյգանը տեղափոխվել են Սպիտակ տան զրահապատ բունկերը:

Անմիջապես օդ են բարձրացվել ամերիկյան օդուժի F-16 կործանիչը եւ «Black Hawk» ուղղաթիռները, որոնց Կապիտոլիումից 5 կիլոմետր հեռավորության վրա հաջողվել էր ստիպել, որ արգելված օդային տարածք ներխուժած «Սեսնա-152» մակնիշի սպորտային ինքնաթիռը վայրէջք կատարի:

Օդանավի անձնակազմի հարցաքննությունից պարզվել է, որ Հյուսիսային Կարոլինա ուղեւորվող, 69-ամյա բեռնատարի վարորդ Հայդեն Շեֆերը եւ ավիացիայում իր առաջին քայլերն անող փոշեկուլերի վաճառքով զբաղվող 36-ամյա Թրոյ Մարթինը անսարքության հետեւանքով պարզապես շեղվել էին ուղուց: Նրանց որեւէ մեղադրանք չի նեկայացվել:

Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշին տագնապի մասին լուրը հասել է ավելի ուշ՝ Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող «Պատուքսենտ» ազգային արգելանոցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG