Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը ընտրեց կոալիցիայի տարբերակը


Չորեքշաբթի օրը արտահերթ նիստում Ազգային ժողովը Սահմանադրական փոփոխությունների երեք փաթեթներից ընտրեց կոալիցիայի առաջարկածը՝ մերժելով Միացյալ աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) խմբակցության եւ ընդդիմադիր պատգամավոր Արշակ Սադոյանի ներկայացրած նախագծերը:

ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, սակայն, հայտարարեց, որ խմբակցությունը վաղվանից շրջանառության մեջ է դնելու սահմանադրական բարեփոխումների նոր տարաբերակ: Արսենյանի պարզաբանմամբ, դա արվում է հետեւյալ նպատակով. եթե կոալիացիայի նախագիծը հանրաքվեում չարժանանա հավանության, ապա հանրաքվեի կդրվի իրենց տարբերակը:

Արսենյանը նաեւ համոզմունք հայտնեց, թե կոալիցիայի տարբերակը հնարավոր չի լինի «կեղծիքով անցկացնել»:

«ՄԱԿ-ը, լինելով խորհրդարանական կուսակցություն, ընտրական հանձնաժողովներում ունի իր տեղը եւ երաշխավորում է Հայաստանի Հանրապետության բնակիչներին, քաղաքացիներին եւ ժողովրդին, որ հնարավոր կեղծիքների դեմը կառնի», - հայտարարեց նա:

Այս օրերին Հայաստանում են գտնվում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողներ Եժի Յասկերնիան եւ Ժորժ Կոլոմբիեն: Վերջինս ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում հայտարարել էր, թե սահմանադրական հանրաքվեն Հայաստանում տեղի կունենա հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին:

«Այդ հարցը մենք ինքներս բարձրացրինք այստեղ, որովհետեւ Եվրախորհրդում տպավորություն կար, թե սահմանադրական հանրաքվեն Հայաստանում պիտի անցկացվի մինչեւ հուլիսի 5-ը», - այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց Յասկերնիան: - «Ընդդիմությունը մեզ այստեղ ասաց, որ դա անհնար է: Այդուհանդերձ դուռը շարունակում է բաց մնալ: Պարոն Ստեփան Դեմիրճյանի ու պարոն Ալեքսան Կարապետյանի հետ հանդիպումներից իմ տպավորությունն այն էր, որ եթե սահմանադրական բարեփոխումներում առաջընթաց լինի, ապա դա կդառնա նախապայման իրենց մասնակցության եւ հանրաքվեի հաջողության համար»:

Եժի Յասկերնիան հիշեցրեց, որ սահմանադրական բարեփոխումների անցկացումը Հայաստանի ստանձնած պարտավորություններից է:

«Բայց ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի արդյունքը, որովհետեւ նախագահական տարբերակում (Յասկերնիան այդպես անվանեց կոալիցիայի տարբերակը) դեռեւս բավականաչափ արտացոլված չեն Երեւանի քաղաքապետի ընտրության, Արդարադատության խորհրդի կառուցվածքի եւ այլ հարցեր»:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամները, ըստ Յասկերնիայի, Հայաստան են ժամանել «տեսնելու, թե որքան է առաջընթացը Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորություների կատարման առումով»:

«Նախ հետաքրքրված ենք սահմանադրական բարեփոխումների գործընթացով», - ասաց նա: - «Նաեւ փորձում ենք տեսնել, թե կա՞ն արդյոք հնարավորություններ, որպեսզի ընդդիմությունը դադարեցնի խորհրդարանական բոյկոտը»:

Եժի Յասկերնիան «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանեց ընդդիմադիր «Ազգային միաբանություն» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամները հանդիպել են նաեւ «Արդարություն» խմբակցության պատգամավորների հետ:

«Նորից փորձեցին պարզաբանումներ ստանալ բոյկոտի հիմնավորումների հետ կապված», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: - «Ասացինք, որ այն պահանջները, որ հենց Եվրախորհուրդը դրել է իշխանությունների առջեւ, փաստորեն չեն կատարվել»:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG