Մատչելիության հղումներ

Վարչապետը «նորմալ» է համարում, որ իր որդին միակ թեկնածուն է Ավանի թաղապետի ընտրություններում


Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, երկրի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նորմալ է համարում, որ իր որդին՝ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի Ավան համայնքում այս ամիս ավելի ուշ կայանալիք թաղապետի ընտրություններում միակ թեկնածուն է:

«Իսկ ինչո՞ւ եք մտածում, որ միայն այդ տեղամասում է կամ այդ համայնքում է լինելու կամ եղել մեկ թեկնածու», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին հարցով պատասխանեց վարչապետը: - «Դա այսօր այդպես է: Մինչեւ տարվա վերջը կտեսնենք՝ ուրիշ տեղերում կլինե՞ն, թե՞ չեն լինի»:

«Դա ընդհանրապես հեչ կապ չունի, վարչապետի որդին է դնում թե չի դնում», - շարունակեց Անդրանիկ Մարգարյանը՝ վստահություն հայտնելով, որ, եթե իր որդին ընտրվի Ավանի թաղապետ, «ժողովուրդը չի դժգոհի»:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հաջորդ հարցը՝ մտավախություն չի՞ առաջացնում ղրղըզական նախադեպը, երբ այդ երկրի նախկին նախագահ Ասկար Ակաեւի զավակներն ու հարազատները որոշեցին խորհրդարանի պատգամավորներ դառնալ, եւ դա հարուցեց ժողովրդի դժգոհությունը եւ ի վերջո հանգեցրեց հեղափոխության, ակնհայտորեն զայրացրեց վարչապետին:

«Ցանկանում եմ, որ Առեւտրաարդյունաբերական պալատի վերաբերյալ հարցեր տաս», - թղթակցին հակադարձեց նա: - «Ես Ղրղըզստանում եղել եմ եւ հեղափոխության չեմ մասնակցել»:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանում էր Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի երկրորդ համագումարից հետո, որտեղ, ի դեպ, նույնպես միաթեկնածու ընտրությունների արդյունքում, պալատի նախագահ վերընտրվեց Մարտին Սարգսյանը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG