Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի հարցին՝ չե՞ն ափսոսում, որ չեն մասնակցում երկրի համար այնպիսի կարեւորություն ունեցող հիմնական օրենքի քննարկմանը՝ ինչպիսին Սահմանադրությունն է, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը պատասխանել է. - «Իհարկե, ափսոսանք կա: Բայց մեր այս վերաբերմունքը նաեւ փորձության հետեւանք է... Ուղղակի այս իշխանության օրոք մենք նման բաների չենք մասնակցում, քանի որ օրենքները մնում են թղթի վրա կամ էլ կատարվում են միայն Քոչարյանի հրահանգով՝ ուզում է, կատարվում են, չի ուզում՝ չեն կատարվում»: «Ես կողմնակից չեմ այն մոտեցմանը, թե ԱՄՆ-ը պետք է գա եւ այստեղ հաստատի ժողովրդավարություն», - ասում է Արամ Սարգսյանը: - «Կարծում եմ, որ մեր ժողովուրդն ունակ է սեփական երկրում հաստատելու ժողովրդավարություն: Իսկ Միացյալ Նահանգները օգնել է այն ժողովուրդներին, ովքեր փորձել են հաստատել ժողովրդավարություն»: Արամ Սարգսյանը այսօրվա հարցազրույցում էլ կրկնում է. - «Այս անգամվա հանրահավաքը լինելու է մեկ անգամ, եւ այն ավարտվելու պահից արդեն պարզ է լինելու դրա ավարտը: Այդ հանրահավաքին ժողովուրդը մասնակցելու է վստահությամբ: Եվ համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարելու է, թե ինքն ուժ չի կիրառելու ժողովրդի նկատմամբ»: «Հանրահավաքի օրվա եւ ժամի մասին ոչինչ ասել չեմ կարող: Սակայն», - ընդգծում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը, - «միանշանակ փոխվել է հանրահավաքներ անելու բովանդակությունը՝ այն լինելու է հանուն ժողովրդավարության եւ ոչ թե հանուն որեւէ մեկի իշխանության կամ իշխանափոխության»:

««Թեժ գարնան» հետքն անգամ չի երեւում: Ավելին՝ ներկա քաղաքական գարունը թերեւս ամենահանդարտն է՝ առնվազն անցած եռամյակի կտրվածքով», - արձանագրում է այսօր «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը: Իսկ թե ինչու՝ ուրվագծում է այսպես. - «Մոտալուտ հեղափոխության մասին դատողություններ անողների խոսքերի ու երկրում տիրող հանգիստ, նորմալ, առօրեական մթնոլորտի միջեւ ի սկզբանե այնպիսի հակասություն էր նկատվում, որ լուրջ քաղաքական ցնցումների կանխատեսումները որեւէ հավատ չէին ներշնչում: Մնում էր արտաքուստ խիստ բարենպաստ թվացող արտաքին գործոնների հնարավոր աջակցությունը, բայց այստեղ էլ ոչինչ չստացվեց»: Քանզի, մեկնաբանի շեշտադրմամբ, բոլոր «թավշյա հեղափոխությունները» հստակորեն «ընտրական եւ հետընտրական գործընթացների հետեւանք են». - «Իսկ հաշվարկները, թե Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար հնարավոր է ակնկալել արտաքին լուրջ աջակցություն՝ հերթական ընտրություններից 2-3 տարի առաջ, խորապես սխալ էին ու հիմնազուրկ»:

«Ազգ» թերթի մեկնաբանի հայացքով, Միացյալ Նահանգների նախագահի այցը Վրաստան «կրկին բորբոքում է արեւմտյան գունավոր հեղափոխության երազանքը հատկապես ընդդիմության արեւմտամետ թեւերի մեջ». - «Միաժամանակ, առավել քան երբեւէ, իրավիճակը Հայաստանում կարծես համապատասխան է դառնում ոչ ժողովրդավար երկրներում հեղափոխություններ իրականացնելու ԱՄՆ-ի գլոբալ քաղաքականության դիրեկտիվներին»: Մյուս կողմից, «Քաղաքական դաշտի խառնաշփոթը ոչ պարզվում է, ոչ հասունանում» վերնագրի տակ մեկնաբանը նախանշում է. - «Տեղական ինքնակառավարման ընտրությունները եւս, ըստ ամենայնի, չեն սասանի կոալիցիայի ընդհանուր շահով թելադրված միասնությունը, որ, ըստ իրադրության, հետաքրքրական կերպափոխություններ է ապրում: Ամենակայունը իշխանության լծակներին կառչած լինելու ցանկությունն է: Ապավինելով փորձված սկզբունքին, թե պատառները բաժանելիս զինադադար պետք է կնքել, հավանաբար այս դեպքում էլ կոալիցիոն կուսակցությունները փոխշահավետ համաձայնությունների կգան: Իսկ սոցիալական կարիքները չլուծած ընտրազանգվածին հեշտ է կողմնորոշել ընտրակաշառքի փորձված մեթոդներով»:

«Երեկ ի վերջո հասկանալի դարձավ, թե ինչ նկատի ունեին Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարները եւ անձամբ ՀՀԿ նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, երբ ակնարկում էին, որ մայիսի 22-ին Ավանում տեղի ունենալիք թաղապետի ընտրություններն անցնելու են ազատ, արդար եւ թափանցիկ: Պարզվեց, որ այս պաշտոնի միակ հավակնորդը Տարոն Անդրանիկի Մարգարյանն է, այսինքն՝ ՀՀ վարչապետի որդին: Սա նշանակում է, որ Տարոն Մարգարյանն արդեն իսկ Ավանի թաղապետ է, եւ բնականաբար, սա մայիսի 22-ին տեղի ունենալիք քվեարկության «ազատ, արդար, թափանցիկ» լինելու հիմնական երաշխիքն է: Իսկապես, ի՞նչ իմաստ ունի կեղծել այն ընտրությունները, որի արդյունքները հայտնի են ի սկզբանե», - ի մի է բերվում «Հայկական ժամանակ» թերթում: Տարոն Մարգարյանի լիազոր ներկայացուցիչ եւ նախընտրական շտաբի գործունեությունը համակարգող Սերգեյ Մակարյանը լրագրողին ասել է, որ իրենց թեկնածուի բոլոր հնարավոր մրցակիցները չառաջադրվելով «շատ խոհեմ քայլ են կատարել»: Վարչապետի որդին քարոզարշավ էլ չի ծավալի: Մակարյանի խոսքերով, ավանցիները Մարգարյանին շատ լավ են ճանաչում, ուստի նման հանդիպումների կարիք չկա:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG