Մատչելիության հղումներ

Վրաստանի իրավապահները հակասական տեղեկություններ են տալիս Ազատության հրապարակում տեղ գտած միջադեպի կապակցությամբ


Լրատվամիջոցների փոխանցմամբ, Վրաստանի հատուկ ծառայությունները ամերիկացի իրենց գործընկերներին տեղեկացրել են, թե երեկ Թբիլիսիի անկախության հրապարակում անհայտ մեկը ձեռքի նռնակ է նետել Միացյալ Նահանգների նախագահ Բուշի ուղղությամբ: Նռնակն ընկել է 30 մետր հեռավորության վրա այն ամբիոնից, որից այդ պահին ելույթ էր ունենում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը:

«Ֆրասնպրես» գործակալության փոխանցմամբ, նախագահի անվտանգությունը ապահովող Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության խոսնակ Ջոնաթան Չերին հայտնել է, թե պատահարի մասին իրենք տեղեկացվել են, երբ նախագահ Բուշը արդեն մեկնել էր Վրաստանից:

«Մեզ հայտնել են, թե նռնակը դիպել է մի մարդու եւ ընկել գետնին, ինչից հետո Վրաստանի հատուկ ծառայությունների գործակալը վերցրել է չպայթած նռնակը եւ դուրս բերել տարածքից: Ավելի ուշ նռնակը վնասազերծվել է», - նշել է Ջոնաթան Չերին:

Պատահարի մանրամնասները պարզելուն միացել են ԱՄՆ Պետքարտուղարությունը եւ Հետաքննությունների դաշնային բյուրոն, որի գործակալները կմեկնեն Թբիլիսի:

«Ռոյթեր» գործակալությունը, մինչդեռ, հաղորդում է, թե Վրաստանի ուժային կառույցները հերքել են արտակարգ պատահարի մասին լուրը:

«Նման բան տեղի չի ունեցել, դա բացարձակ սուտ է», - չորեքշաբթի օրը գործակալությանը ասել է Վրաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Գուրամ Դոնաձեն՝ ավելացնելով, թե օրվա ընթացքում հայտարարությամբ հանդես կգա Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գելա Բեժուաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG