Մատչելիության հղումներ

logo-print

Աբդուլլա Գյուլ. «Սպասվում է, որ Թուրքիայի վարչապետը եւ Հայաստանի նախագահը կհանդիպեն Վարշավայում»


Թուրքական մամուլի փոխանցմամբ, Եվրոպայի օրվա առթիվ երեքշաբթի օրը Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ Անկարայում կազմակերպված հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը հայտարարել է, որ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն մայիսի 16-17-ին Վարշավայում՝ Եվրախորհրդի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի օրերին:

«Թուրքիային հաճախ հորդորում են բացել Հայաստանի հետ սահմանները, սակայն դրա դիմաց ոչինչ չտեսնելով, Թուրքիան դա անել չի կարող», - նշել է Գյուլը: - «Հայկական սփյուռքը չի ցանկանում, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանան եւ միջամտելու սխալ քաղաքականություն է վարում: Չնայած դրան, թուրքական կողմը դրական է վերաբերում Քոչարյանի հղած նամակին: Երեկ Մոսկվայում Քոչարյանն ու Էրդողանը իրար ձեռք սեղմեցին: Սպասվում է, որ նրանք կհանդիպեն Վարշավայում», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Իսկ նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ Մոսկվայում պատասխանելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին հարցին, նշել էր, թե «նախագահ Քոչարյանի հետ հանդիպում նախատեսված չէր, այդպիսի խնդրանքով Անկարային ոչ ոք չէր դիմել»:

«Եթե Հայաստանը կատարի իր պարտականությունները, Թուրքիան նույնպես կանի այն, ինչ պահանջվում է տարածաշրջանի խնդիրների երկարատեւ ու արդար լուծումներն ապահովելու եւ հավասարակշռությունը երաշխավորելու համար», - ասել էր Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG