Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշ. «Վարդերի հեղափոխությունը» ավարտին հասցրեց ազատության ձեռքբերումը


Երեքշաբթի օրը ելույթ ունենալով Թբիլիսիի Ազատության հրապարակում, Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը բազմաթիվ դրվատական խոսքեր ասաց Վրաստանի հասցեին՝ բարձր գնահատելով երկրում ժողովրդավարության ձեռքբերումները:

Նախագահ Բուշը, դիմելով Ազատության հրապարակ եկած տասնյակ հազարավոր մարդկանց, հիշեցրեց, որ նախկինում Լենինի անունը կրող այս հրապարակում ժողովուրդը անկախություն պահանջեց եւ ստացավ, սակայն «ազատությունը տարիներ շարունակ կիսատ էր» եւ միայն վերջերս «վարդերի հեղափոխությունը» ավարտին հասցրեց ազատության ձեռքբերումը:

«Հիմա Վրաստանը մի պետություն է, որտեղ հարգվում են փոքրամասնությունների իրավունքները, կա մամուլի ազատություն եւ ընդդիմությունը ողջունվում է», - ասաց Ջորջ Բուշը: - «Վրաստանի ամենամեծ ներդրումը ազատության գործում ձեր օրինակն է»:

«Սեւ ծովից մինչեւ Կասպից ծով մարդիկ ազատություն եւ ժողովրդավարություն են տենչում, եւ նրանք հասնելու են դրան», - վստահություն հայտնեց Միացյալ Նահանգների նախագահը:

Ջորջ Բուշը, սակայն, չմանրամասնեց, թե այդ ծովերի միջեւ ընկած հատկապես որ երկրները նկատի ունի:

«Այսօր մենք հավաքվել ենք այստեղ եւ միասին կերտում ենք Վրաստանի նոր պատմությունը», - իր ելույթում ասաց Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Նա շեշտեց, որ ի տարբերություն դարեր շարունակ Վրաստանը նվաճելու եկածների՝ հռոմեացիների, բյուզանդացիների, օսմանների, պարսիկների, մոնղոլների եւ ռուսների, այսօր երկրի պատմության մեջ առաջին անգամ Վրաստան է եկել աշխարհի հզորագույն տերության առաջնորդը, որը «գործընկեր է, բարեկամ եւ դաշնակից»:

Միացյալ Նահանգների նախագահը այսօր դարձավ Վրաստանի բարձրագույն պարգեւի՝ «Սուրբ Գեորգիի» առաջին շքանշանակիրը: Շքանշանը, որ սահմանվել է անցած սեպտեմբերին, շնորհվում է «Վրաստանում եւ ողջ աշխարհում ժողովրդավարության հաստատմանը նպաստելու համար»:


Արմեն Դուլյան, Թբիլիսի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG