Մատչելիության հղումներ

logo-print

Առաջին եռամսյակում գնաճը Հայաստանում կազմել է 4,4 տոկոս


ԱՊՀ երկրների միջպետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում գները Հայաստանում աճել են 4,4 տոկոսով։

Համագործակցության անդամ երկրներից ամենաբարձր գնաճը գրանցվել է Ուկրաինայում՝ 13,5 տոկոս, ամենացածրը՝ Ղրղըզստանում՝ 3 տոկոս։ Շատ բարձր գնաճ է գրանցվել նաեւ Ադրբեջանում 13,1, Մոլդովայում՝ 12,4, Բելառուսում՝ 9,4։ Ավելի ցածր՝ 6-7 տոկոսանոց գնաճ է գրանցվել Վրաստանում, Ղազախստանում եւ Տաջիկստանում։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ապրիլ ամսին գները Հայաստանում նվազել են շուրջ 1 տոկոսով ու այդ պատճառով չորս ամսվա արդյունքներով գնաճն ավելի ցածր է՝ 2,8 տոկոս։

Հայաստանյան վիճակագիրները վստահեցնում են, թե ապրիլին հիմնականում էժանացել է սննդամթերքը. կարտոֆիլը եւ բանջարեղենը՝ մոտ 4,5 տոկոսով, մրգերը՝ 1,5 տոկոսով։ Վիճակագիրները վստահեցնում են նաեւ, թե ապրիլ ամսին համատարած էժանացել են նաեւ տնտեսական ապրանքները՝ կենցաղային սարքերը, պատրաստի հագուստը, կոշկեղենը, գորգեղենը եւ դեղորայքը։

Ապրիլին թանկացել են բենզինն ու դիզվառելիքը՝ համապատասխանաբար 2,8 եւ 6,6 տոկոսով։ Այդուհանդերձ, վիճակագիրները վստահեցնում են, թե տարեսկզբի համեմատ բենզինը մոտ 4 տոկոսով էժանացել է։

ԱՊՀ անդամ երկրների տնտեսությունների աճն այս տարվա առաջին եռամսյակում միջին հաշվով կազմել է 5 տոկոս։ Ամենաբարձր տնտեսական աճ գրանցել են Ադրբեջանը՝ 10,8 տոկոս, եւ Բելառուսը՝ 9,6 տոկոս։ Հայաստանի եւ Տաջիկստանի տնտեսություններն աճել են 7,8 տոկոսով։ Սակայն տարվա առաջին եռամսյակում ԱՊՀ երկրների հավաքական տնտեսությունը մոտ 4 տոկոսով ավելի դանդաղ է աճել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։

Հայաստանում շատ ցածր գնաճը վերջին չորս ամիսներին ձեռք է բերվում ի հաշիվ ազգային դրամի գերարժեվորման, ինչը, իհարկե, եկամուտների լուրջ վերաբաշխում է նշանակում՝ հօգուտ սպառողական ապրանքներ, սննդամթերք ու վառելիք ներկրողների։ Փոխարենը շարունակում են տուժել ներքին արտադրողները, հատկապես նրանք, ովքեր արտադրում են արտահանելու համար։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG