Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Զարմանահրաշ «ազատություն» ու «ժողովրդավարություն» է հաստատվել այսօր Վրաստանում, ուր հենց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի այցի նախօրեին ցուցադրաբար ոտնահարվում են այդ երկիրն ու մանավանդ նրա մայրաքաղաքը եւ «Ազատություն» կոչվող հրապարակը կառուցած հայերի մարդկային տարրական իրավունքները», - ընդգծում է «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը: - «Նրանք այսօր ԱՄՆ նախագահի կողմից Հարավային Կովկասի ազատության խորհրդանիշ համարվող Վրաստանում անօգուտ պայքարում են սեփական ձեռքերով կառուցված, բայց այժմ իրենցից խլվող տասնյակ եկեղեցիներից ու վանքերից գոնե մի քանիսը պահպանելու համար: Նրանք այսօր՝ հենց ԱՄՆ նախագահի այցի նախօրեին, Ծալկայի շրջանում ծեծ ու ջարդի են ենթարկվում «ազատ ու ժողովրդավարական» Վրաստանի նախագահի հատուկ ջոկատայինների կողմից, որոնք հաշվի չեն առնում անգամ իրենց երկրի խորհրդարանի հայազգի պատգամավորի անձեռնմխելիությունը»: «Իրավունք» թերթի մեկնաբանի ենթադրությամբ, Միացյալ Նահանգների նախագահի այցի ընթացքում Հայաստանին վերաբերող ամերիկյան «դիրեկտիվները» կունենան հետեւյալ, շատ պրագմատիկ տեսքը. մի կողմից, փորձել առավելագույնս օգտագործել հայաստանյան իշխանությունների թուլությունը եւ հնարավորին չափ շատ կորզել իրենց ձեռնտու (հիմնականում Արցախի հարցում) քայլեր: Մյուս կողմից, միաժամանակ աշխատել ընդդիմության հետ ոչ կառավարական, բայց, այնուամենայնիվ, լիովին պաշտոնական Վաշինգտոնի վերահսկողության տակ գտնվող կազմակերպությունների միջոցով»: «Իրավունք»-ում առանձնացված է, թե մասնավորապես Հայաստանում ԱՄՆ դեսպան Էվանսը «սերժանպաստ» դիրքորոշում ունի՝ կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ: «Մայիսի 6-ին տեղի ունեցած Միացյալ Նահանգների դեսպանատան նոր շենքի բացման արարողությունը կրում էր բացարձակապես իշխանամետ բնույթ», - նշում է մեկնաբանը: - «Հրավիրվել էին միայն իշխանության ներկայացուցիչները, իսկ զանգվածային լրատվամիջոցներից առավելապես նրանք, ովքեր իշխանամետ կեցվածք ունեն: Այսինքն, ակնհայտ է, որ դեսպան Էվանսը ցուցադրաբար երեւան է հանում իր համակրանքը իշխանությունների նկատմամբ, ինչը չի կարող չշարժել օրեցօր էլ ավելի արմատական տրամադրված հանրության դժգոհությունը (ինչպես ժամանակին Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ)»: «Իրավունք»-ի մեկնաբանը ամփոփել է. - «Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, ամերիկացիները Ռոբերտ Քոչարյանի վարչախմբին փոքր-ինչ «շունչ քաշելու» ժամանակ կտան՝ միաժամանակ ընդդիմադիր դաշտի հետ անցկացնելով այնպիսի աշխատանքներ, որոնք կնախապատրաստեն պետք եղած պահին այդ նույն վարչախմբին շատ արագ «դուրս գրելու» հողը: Առավել եւս, որ, ինչպես ցույց տվեցին դոլարի կուրսի վերջին տատանումները, շատ դյուրին է արտաքին ֆինանսական ոչ մեծ միջամտությամբ այնպես տակնուվրա անել Հայաստանի ֆինանսական շուկան, որ մեկ շաբաթում հնարավոր կլինի պատրաստել սոցիալական ընդվզումների բոլոր հիմքերը»:

Վերջերս Չեխիայի վարչապետ Գրոսսի պաշտոնաթողության պատճառ դարձավ այն, որ նա չկարողացավ հասարակությանը պարզաբանել Պրահայում 180 հազար դոլար արժողության անշարժ գույքի գնման համար միջոցների ծագման աղբյուրը: «Հայոց աշխարհ»-ի խմբագիրը այս կապակցությամբ գրում է. - «Իսկ Դուք չե՞ք փորձել մերոնցից հետաքրքրվել: Եվ որպեսզի արդյունքում նրանց մոտ լինի սկանդալ, իսկ ձեր մռութին չհասցնեն: Բայց գլխավորը, որ վարչապետը... հրաժարական... Պրահայում խղճուկ բնակարանի պատճառով... Աստվա՜ծ իմ: Հարյուր ութսուն հազար դոլար. ախր մեր չափանիշերով դա ընդամենը նախահաշվի սկիզբն է: Հազիվհազ հերիքի հարակից շինությունների կահավորմանը: Մեզանում, փա՜ռք Աստծո, թնդանոթներից ճնճղուկների վրա չեն կրակում, այլ առաջադրում են գլոբալ խնդիրներ», - համադրում է խմբագիրը:

«Հետաքրքիր անձնավորություն է հանրահռչակ օլիգարխ, պաշտպանության նախարարի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը», - անդրադառնում է այսօր «Իրավունք»-ը: - «Նա ժխտում է, որ ունի հսկայական բիզնես ու ունեցվածք՝ ասելով. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ ունեցվածքը միայն Հայաստանում է. մեկ բնակարան Բալահովիտ գյուղում, մեկ բնակարան էլ Թումանյան փողոցի վրա»: Այսքանը լսելուց հետո մնում է միայն արցունքն աչքերին ցավակցել թերեւս ամենախոշոր ու ամենակտրող թուրն ունեցող օլիգանխին եւ ապրիորի ընդունել, որ մյուս օլիգարխների ունեցվածքն էլ երեւի թե հավաբնից չի տարբերվում, քանի որ մտածողության այդպիսի մեծ մասշտաբի դեպքում, օրինակ, էլ ինչ է, եթե ոչ հավաբուն ընդամենը 20 հեկտար տարածքում գտնվող մի կես հեկտար տարածք զբացեցնող առանձնատունը: Էլ չենք խոսում մենաշնորհային դիրք ունեցող ձեռնարկությունների մասին, որոնք ընդամենը «չուլանում» գործող մանր արտադրամասեր են, որ տարեկան ապահովում են մի 50 միլիոն դոլարի «սուտի» եկամուտ»:

«Մենք իմիտացիա ենք անում, թե պետություն ունենք, մինչդեռ իմ խորը համոզմամբ Հայաստանը դարձել է միայն աշխարհագրական հասկացողություն եւ պոեզիայի օբյեկտ», - օրերս մի հարցազրույցում ասել էր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Հրաչ Հակոբյանը: «Հայոց աշխարհ»-ի խմբագիրը այսօր արձագանքում է. - «Իմիտացիան բնավ միշտ չէ, որ միանշանակ վատ է: Օրինակ, Ամերիկայում մարդկանց դեմքերին շինծու քաղաքավարություն է: Հայաստանում՝ անկեղծ ատելություն: Դե, եւ ո՞րն է ավելի գերադասելի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG