Մատչելիության հղումներ

«Գույք պարտքի դիմաց» բանաձեւը կարող է գործել նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ


Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է մասնակցել Վրաստանի նավահանգիստների սեփականաշնորհման գործընթացին՝ ի հաշիվ Ադրբեջանին Վրաստանի պետական պարտքի:

Ադրբեջանական ANS գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի ֆինանսների նախարար Ավազ Ալեքպերովը հայտարարել է, թե մտադիր է այս հարցը քննարկել վրաստանցի իր գործընկեր Վալերի Չեչելաշվիլու հետ՝ առաջիկա օրերին վերջինիս Բաքու կատարելիք այցի ժամանակ:

Ալեքպերովի խոսքերով, Վրաստանն առաջարկում է պարտքի ապրանքային մարում, մինչդեռ Ադրբեջանի համար առավել գրավիչ է վրաստանյան նավահանգիստների սեփակաշնորհման գործընթացին մասնակցելը:

«Դա մեզ թույլ կտա խուսափել ապագայում նավահանգիստների կողմից սահմանվող բարձր սակագներից», - նշել է ֆինանսների նախարարը:

Պարտքի հիմնական մասը՝ 12 միլիոն դոլար, Վրաստանը պետք է մարեր դեռեւս 2003 թվականին: Վրաստանը պարտավորվել էր Ադրբեջանին ունեցած պարտքի մնացած մասի՝ 3,2 միլիոն դոլարի մարումը սկսել այս տարվա հունիսի 1-ից եւ ավարտել մինչեւ 2021 թվականը:

Սակայն, հաշվի առնելով հարեւան երկրի ֆինանսական կայուն վիճակը, Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է երկարացնել պետական պարտքի մարման ժամկետը:

Վրաստանը այժմ առաջարկում է պարտքի դիմաց Ադրբեջանին մատակարարել շաքարավազ եւ գինի, ինչպես նաեւ վերանորոգել ադրբեջանական բանակի ռազմական տեխնիկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG