Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 7-ը մայիսի)

«Պաշտոնական մոտեցումը» Հայրենական պատերազմին, ըստ «Առավոտ»-ի, բավականին տարբերվում էր ժողովրդական ընկալումից: «Այն, ինչ մեզ պատմում էին մեր հայրերն ու պապերը, հաճախ «չէր բռնում» կոմունիստական քարոզչության հետ: Բայց վերաբերմունքը պատերազմի վետերանների հանդեպ ամբողջ ժողովրդի մոտ միասնական էր, որովհետեւ առօրյա կյանքում հնարավոր չէր հանդիպել Հայրենականի լկտիացած մի վետերանի, որը ճնշում եւ ահաբեկում էր մարդկանց», - շեշտադրում է «Առավոտ»-ը: - «Մինչդեռ արցախյան պատերազմից հետո ի հայտ եկան որոշ բարձրաստիճան զինվորականներ, ովքեր այսօր իրենց տարածքներում իսկական ասիական ֆեոդալի դեր են ստանձնել: Այդ օլիգարխ-գեներալները կարող են մանր գործարարից կրպակ խլել, իրենց բիզնեսի համար ապօրինի ձեւով անտառ հատել, կարող են բատրակներ պահել եւ ձրի աշխատեցնել: Նրանք «իրավունք ունեն» իրենց դուր չեկած մարդուն ծեծել, իր հողից վտարել, տանել-պահել սեփական զնդանում»: «Նրանք այսօր լիակատար պատուհաս են դարձել իրենց տարածքի բնակիչների համար», - նշում է «Առավոտ»-ը: - «Բայց եթե մենք ուզում ենք, որ հետագա սերունդները կարողանան ըմբոշխնել արցախյան պատերազմում ձեռք բերածը, այսօր պետք է փորձենք ժամանակակից եվրոպական պետություն կառուցել: Հակառակ դեպքում չի լինի այն հավատը, որը մարդկանց ոտքի է հանել 1988-ին: Իսկ եթե հավատ չլինի, հող էլ կկորցնենք»:

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը, «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հերքել է տեղեկությունները, թե ինքը վաճառել է իր ունեցվածքն ու հեռացել Հայաստանից: Պատգամավորը, որ արդեն տեւական ժամանակ գտնվում է Մեծ Բրիտանիայում, ասել է, որ շուտով վերադառնալու է Հայաաստան: Ալեքսանդր Սարգսյանը հայտարարում է, թե իր ունեցվածքը միայն Հայաստանում է՝ մեկ բնակարան Բալահովիտ գյուղում եւ մեկ բնակարան էլ Երեւանում՝ Թումանյան փողոցի վրա։ «Մնացած ամենը, ինչը վերագրվում է ինձ, այդ ամենը ես նվիրում եմ Հայաստանի մանկատներին», - ասում է նա։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հարաբերություններին, Ալեքսանդր Սարգսյանն ասում է. - «Այդ երկու գործչին կապում է ոչ միայն աշխատանքն ու միասին անցած պատերազմական ճանապարհը, այլ նաեւ այնպիսի ընկերական ու բարեկամական հարաբերություններ, որ երբեւէ, ոչ մի պարագայում նրանց միջեւ որեւէ հակասություն որեւէ հարցի շուրջ լինել չի կարող»։ Նրա կարծիքով, իր եղբայր Սերժը Ռոբերտ Քոչարյանին փոխարինողի լավագույն թեկնածուն է:

«Այն հանգամանքը, որ Կինոյի տանը նախօրեին կայացած Արտաշես Գեղամյանի միջոցառմանը ներկա էին ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ներկայացուցիչներ, «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանին մղել է ի մի բերելու, թե արեւմտյան բազմաթիվ կառույցներ ու հիմնադրամներ, այդ թվում ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը, Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամը, «Եվրասիա»-ն, «Ինտերնյուս»-ը եւ այլն, իրականում Կենտրոնական հետախուզական վարչության գործակալների որջեր են, անթաքույց միջամտում են երկրի ներքին գործերին եւ իրենց հետ կապված տեղական գործակալներին էլ փորձում են մղել իշխանության: «Հայոց աշխարհ»-ում այսօր ձեւակերպված է նաեւ, թե երկրի վրա «տղա բերելու» ցեցը չի խնայել անգամ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին, ով այնքան է «հրապուրվել դիսիդենտական դրսեւորումներով, որ օմբուդսմենի ինստիտուտը հայրենի իշխանությունների ոտնձգություններից պաշտպանելու նպատակով դիմել է միջազգային կազմակերպություններին»:

«Հայոց աշխարհ»-ի տնտեսական վերլուծականում կրկին արձանագրվում է, որ Հայաստանի ներքին փոխարժեքներն ու դրանց տատանումները վերջին շրջանում առավել հաճախ «չեն խոսում» համաշխարհային տնտեսության զարգացումների հետ. - «Օրինակ, երբ 1-2 ամիս առաջ ողջ աշխարհում դոլարը կայունացավ եւ նույնիսկ սկսեց արժեվորվել, Հայաստանում շարունակվում էր հակառակ գործընթացը՝ դոլարն արժեզրկվում էր: րեթե զավեշտական է հնչում, բայց նույն պահին, երբ նախօրեին Հայաստանում դոլարն սկսեց կտրուկ արժեվորվել, միջազգային ֆինանսական շուկաներում դոլարը որոշ չափով արժեզրկվեց»: Վերլուծականում եւս մեկ անգամ շեշտվում է, նաեւ, որ եթե աշխարհում դոլարի արժեվորման առաջին իսկ «ծիլերի» հետ Հայաստանում առեւտրականները արձագանքում են լայն սպառման ապրանքների, առաջին անհրաժեշտության մթերքի գների բարձրացմամբ, ապա երբեք հակառակը չի լինում դոլարի արժեզրկման դեպքում: «Նման խիստ «ուշագրավ» գործելակերպը էլ ավելի դաժանորեն է հարվածում դոլարի արժեզրկումից տուժող հասարակ քաղաքացիների ահռելի մեծամասնությանը», - ամփոփված է «Հայոց աշխարհ»-ում: «Հայկական ժամանակ» թերթը այսօր ծանրացել է ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի՝ երեկվա ասուլիսում ասածների վրա՝ որպես լրացուցիչ վկայություն ներկայացնելով, որ դրամի արժեվորումը «խիստ բնական, որեւէ միջամտության չենթարկված գործընթաց» չէ, ինչպես պնդում է Կենտրոնական բանկը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG