Մատչելիության հղումներ

Վրաստանում հատուկջոկատայինները ծեծի են ենթարկել խորհրդարանի հայազգի պատգամավորին


Ծալկայում տեղաբաշխված Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության զորաջոկատի ծառայողները շրջանի Ղուշչի հայկական գյուղում ծեծի են ենթարկել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հայկ Մելտոնյանին եւ մոտ երեք տասնյակ ղուշչեցիների:

Ինչպես ուրբաթ օրը հաղորդել է «Ա-Ինֆո» գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել մայիսի 1-ին: Զորաջոկատի ծառայողները Ծալկայից Ղուշչի են եկել նախորդող օրերին երկու հայերի միջեւ տեղի ունեցած ծեծկռտոցի առիթով, իսկ մայիսի 1-ին հատուկ նշանակության զորաջոկատայիններից մեկը վեճի է բռնվել գյուղի երիտասարդներից մեկի հետ, հարվածել նրան, ինչը եւ առիթ է հանդիսացել, որպեսզի զինվորականները ծեծեն գյուղամիջում հավաքված հայերին:


Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հայկ Մելտոնյանը, որը շրջան էր մեկնել մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակին նվիրված միջոցառմանը, տեղեկանալով միջադեպի մասին, անմիջապես մոտեցել է զինվորականներին, ներկայացել որպես պատգամավոր՝ խնդրելով վերջիններիս դադարեցնել ծեծկռտոցը, սակայն նրանք ծեծի են ենթարկել նաեւ խորհրդարանի պատգամավորին:


Տեղի ունեցածի վերաբերյալ Ծալկայի շրջանային ոստիկանությունում քրեական գործ չի հարուցվել: Զորաջոկատայինները ներեղություն են խնդրել Հայկ Մելտոնյանից եւ ղուշչեցիներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG